«Սփյուռք ամառային դպրոց»-ի մասնակիցների թիվն ամենամեծը կլինի նախորդ տարիների համեմատ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց» 2015-ի այցելուների թիվը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ է լինելու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին սփյուռքի նախարարությունում նախարարին կից ատյանի հերթական նիստի ժամանակ հայտնել է համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:
Նա նշել է, որ եթե 2012 թվականին նախատեսված 70 մասնակցի փոխարեն ամառային դպրոցն ընդունել է 131 մասնակից՝ 15 երկրից, ապա 2013 թվականին նախատեսված 100-ի դիմաց մասնակցել է 201 սփյուռքահայ՝ 20 երկրից, իսկ 2014թ. նախատեսված 100-ի դիմաց՝ 222 սփյուռքահայ, աշխարհի 22 երկրից: Այս տարի նախատեսված է 250 սփյուռքահայի մասնակցություն:
Գյանջումյանը հայտնել է, որ ամառային դպրոցի ընթացքում ուսումնական, տեսական և գործնական պարապմունքներին զուգահեռ կիրականացվեն նաև միջոցառումների, թանգարաններ այցելությունների, շրջագայությունների, հանդիպումների ծրագրեր: «Սփյուռք» ամառային դպրոցի բացումը կկազմակերպվի հայոց լեզվի դասընթացի հանդիսավոր մեկնարկով, իսկ փակումը՝ օգոստոսի 1-ին հավաստագրերի հանձնման արարողությամբ:
2015 թվականը ծրագրի իրականացման 4-րդ տարին է: ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ 2012 թվականից իրականացնում է «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը: Յուրաքանչյուր տարի մեծանում է ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը, դպրոցը դառնում է Սփյուռքի կողմից, թերևս, ամենապահանջված ծրագրերից մեկը և արդեն կայացած կառույց է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում