Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիան խաղաղ է ընթանում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցները և ոստիկանությունը համագործակցում են հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու համար: Քաղաքացիները շարունակում են պնդել, որ ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրում, և պատրաստ են շարունակել համագործակցությունը ոստիկանության հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտ է: Ցուցարարների թիվը չի գերազանցում նախորդ օրերին բողոքի ակցիայի մասնակիցների թիվը: Նրանք այս պահին երգում են, իսկ ոստիկանական վերակարգը հսկում է բողոքի ակցիայի խաղաղ ընթացքը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախ շնորհավորեց բողոքի ակցիայի կազմակերպիչներից Վաղինակ Շուշանյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այնուհետև նա նշեց, որ թեև ոստիկանությունը ցուցարարների կողմից նկատել է որոշակի օրինազանցություններ, սակայն պատրաստ է համագործակցել բողոքի ակցիայի մասնակիցների հետ՝ հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում