ԻՊ-ն Հասաքեի բնակիչներին վռնդում է իրենց տներից
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հեռուստատեսությունը հունիսի 25-ին տեղեկացրել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե քաղաքի Նաշուա շրջանի բնակիչներին վռնդում են իրենց տներից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն վերահսկողություն է հաստատել Հասաքե քաղաքի մի քանի շրջանների վրա: Սիրիական ռազմական աղբյուրները հերքել են տեղեկությունը՝ նշելով, որ հարձակումը կասեցվել է:
Քոբանի քաղաքից տեղեկություններ են ստացվել, որ ԻՊ-ի իրականացրած պայթյունից 12 մարդ զոհվել, ևս 70-ը վիրավորվել են: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, իսլամիստները պայթյուն իրականացնելուց հետո փորձել են թափանցել քաղաք, սակայն քաղաքի պաշտպանական ուժերը կանխել են դա: Թեժ բախումները Քոբանիի մերձակայքում շարունակվում են:
Սիրիական բանակը նաև կանխել է զինյալների հարձակումը Դարաայի նահանգում: Բախումների ընթացքում տասնյակ զինյալներ են սպանվել: Հունիսի 25-ի գիշերը զինյալները հարձակում էին գործել Դարաա քաղաքում կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա:
ԻՊ-ն հունիսի 25-ի գիշերը երեք կողմից հարձակվել է քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա: Հարձակումը սկսվել է թուրք-սիրիական սահմանային անցումի մոտ ականապատ մեքենայի պայթյուն իրականացնելով: Քաղաքն արդեն հինգ ամիս է ազատագրվել է իսլամիստներից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում