Երևանյան բեսթսելեր 3/16. «Սերը Մոսկվայում» վեպը՝ աղյուսակի առաջատար
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» նոր վեպը: Մարտիրոսյանի նոր վեպի վերնագրի երանգը հուշում է, որը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ, այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:
Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, երկրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
«Անտարես» հրատարակչությունը վերահրատակել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» սիրված և սկանդալային գիրքը: Երկհատոր ստեղծագործությունը բեսթսելերի երրորդ հորիզոնականում է:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության.Տաղեր» ժողովածուն:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» վեցերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» վեպը հեղինակի խոստովանությամբ իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ անսահման սերն է:
Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը իններորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ |
Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
1 | նոր |
Վահրամ Մարտիրոսյան «Սերը Մոսկվայում» |
Անտարես | 64 | |
2 | +1 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Էդիթ Պրինտ | 17/15 | |
3 | * |
Հովիկ Չարխչյան «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» |
Անտարես | 10 | |
4 | * |
Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» |
Անտարես | 9 | |
5 | -1 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության.Տաղեր» |
Զանգակ | 7 | |
6 | -1 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 7 | |
7 | * |
Անրի Վեռնոյ «Մայրիկ» |
Առպրինտ | 7 | |
8 | * |
Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» |
Անտարես | 7 | |
9 | 0 |
Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 6 | |
10 | -4 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում