Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Փորձաշրջանի մեջ գտնվող 20 անչափահաս դատապարտյալներ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Փորձաշրջանի մեջ գտնվող 20 անչափահաս դատապարտյալներ այցելեցին Մայր 
Աթոռ Սուրբ Էջմիածին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինն անչափահաս դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու, նրանց բարոյահոգեբանական վիճակը բարելավելու և կրթամշակութային զարգացնելու նպատակով կազմակերպում է մի շարք միջոցառումներ:

Երևան քաղաքի, Արմավիրի և Կոտայքի մարզերում հաշվառված, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող 20 անչափահաս դատապարտյալներ հունիսի 9-ին մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. նրանք այցելեցին Մայր Տաճար, Մայր Աթոռի թանգարանները, ինչպես նաև Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ նրանք հանդիպեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հետ:

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անչափահաս դատապարտյալների հետ տարվող աշխատանքներում այս տիպի այցելությունների կազմակերպումը հանդիսանում է պրոբացիայի ծառայության բազմաթիվ գործառույթներից մեկը (ՀՀ կառավարությունը ընդունել է պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգ, ըստ որի՝ ծառայության գործունեությունը նախատեսվում է սկսել 2016 թվականից-խմբ.): Մենք շատ են կարևորում նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք նպաստում են ինչպես դատապարտյալների ուղղիչ աշխատանքներին, այնպես էլ պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքին ներգրավելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը:

Նա նշեց, որ ներկա դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կա 36 անչափահաս դատապարտյալ, որոնց մի մասը գտնվում է ՀՀ հեռավոր մարզերում: «Եթե համեմատենք նախորդ տարիների տվյալների հետ, ապա անչափահաս դատապարտյալների քանակը նվազել է: Հիմնականում անչափահասները դատապարտվում են  գողություն և խուլիգանություն համար: Դրա հիմնական պատճառներից  է ծնողների կողմից իրենց երեխաների նկատմամբ վերահսկողության բացակայությունը»,- ընդգծեց Ավետիսյանը և հավելեց, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը տարվա ընթացքում անչափահաս դատապարտյալների համար կազմակերպում է զանազան միջոցառումներ:

Իր հերթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրեակատարողական ծառայության հոգևոր պատասխանատու տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը նկատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «ՔԿՀ հոգևոր ծառայություն» գրասենյակն իր առաքելությունն իրականացնում է` նպատակադրվելով նպաստել ազատազրկվածների վերափոխմանը, բանտային ծառայողների հոգևոր կյանքի զորացմանը և ազատազրկվածների ընտանիքներին հոգևոր, բարոյական և սոցիալական աջակցությանը: «ՀՀ արդարադատության նախարարության հետ մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր: Նախապես մենք պլանավորում էինք կազմակերպել այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Աբովյան ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող անչափահաս դատապարտյալների համար, սակայն, բարեբախտաբար, վերջին շրջանում նրանց թիվը այնտեղ խիստ նվազել է, և մենք որոշեցինք դա իրականացնել պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող անչափահաս դատապարտյալների հետ»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա և հավելեց, որ ՀՀ ՔԿՀ-երում ներկայում գործում է երեք եկեղեցի, վեց մատուռ, կան խաչքարեր, իսկ երկու ՔԿՀ-ում դեռևս չկա աղոթատեղի:

ՀՀ Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը հիմնվել է 1993թ. մայիսին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (այժմ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս) օրհնությամբ և տնօրինությամբ: ՔԿՀ-ում հոգևոր ծառայությունն առավել համակարգված եւ նպատակային դարձնելու նպատակով` 2003թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց «ՔԿՀ հոգևոր ծառայություն» բաժինը: Պատասխանատու նշանակվեց Հովհաննես սարկավագ Ռուշանյանը (այժմ՝ Տեր Ներսես քահանա Ռուշանյան):

2014 թվականի նոյեմբերի 25-ին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի և ՀՀ արդարադատության նախարարության միջև ստորագրվեց պայմանագիր, որով կարգավորվելու է ՔԿՀ-երում հոգևոր ծառայության գործունեությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am