Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Արհմիություն-գործատու հարաբերություններում բացակայում է սոցիալական գործընկերության գաղափարը. Լաուրա Հակոբյան

Արհմիություն-գործատու հարաբերություններում բացակայում է սոցիալական 
գործընկերության գաղափարը. Լաուրա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանությունը դեռևս այն մակարդակի վրա չէ, ինչին ձգտում են արհեստակցական միությունները։ Պատճառները շատ են և տարբեր՝ պայմանավորված ոլորտային առանձնահատկություններով։ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության հիմնադիր-նախագահ Լաուրա Հակոբյանի խոսքով՝ իրենց ոլորտում ներկայումս խնդիր կա ձևավորելու սոցիալական գործընկերության գաղափար, որպեսզի ավելի արդյունավետ իրականացվի աշխատողների շահերի պաշտպանությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Լաուրա Հակոբյանը անդրադարձել է այս և այլ հարցերի։

-Տիկի՛ն Հակոբյան, բանկային և ֆինանսական համակարգը Հայաստանում բավականին զարգացած է, իսկ վիճակագիրները փաստում են, որ հենց այս ոլորտում են ամենաբարձր աշխատավարձերը։ Դա որևէ կերպ անդրադառնո՞ւմ է ոլորտում աշխատողների խնդիրների և արհմիության հետ նրանց հարաբերությունների վրա։ 

-Ճիշտ է, բանկային համակարգն այսօր կայացած է, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Այն, որ աշխատավարձերն այստեղ ամենաբարձրն են, միանշանակ չէ, որովհետև կան նաև ցածր վարձատրվողներ՝ կախված աշխատանքի տեսակից։ Այս ամենը հաշվի առնելով՝ փորձում ենք այնպես կազմակերպել արհմիության գործունեությունը, որ հնարավորինս օգտակար լինենք ոլորտի աշխատողների համար։ Զարգացած համակարգի կողքին պետք է լինի դրան համարժեք գործընկեր՝ ի դեմս մեզ։ Այսօր մեր արհմիությանն անդամակցում են 11 բանկերի և մի քանի վարկային կազմակերպությունների աշխատակիցներ, սակայն ցանկալի կլիներ, որ նրանց միանային նաև մյուս ֆինանսական կառույցները։

-Ի՞նչ խնդիրների առաջ են այսօր կանգնած բանկային համակարգի աշխատողները և ինչպիսի՞ն է արհմիության ազդեցությունը այդ խնդիրների լուծման ճանապարհին։   

-Նախ նշեմ, որ ոլորտի աշխատակիցների խնդիրներին ծանոթանալու համար պարբերաբար կազմակերպում ենք հարցումներ։ Դրանց արդյունքների հիման վրա էլ փորձում ենք թիրախավորել մեր աշխատանքը։ Վերջին հարցումների ընթացքում, օրինակ, պարզ դարձավ, որ ոչ բոլոր ֆինանսական կառույցներում կա առողջապահության ապահովագրություն և սոցիալական փաթեթներ։ Որոշ բանկերում նույնիսկ կանոնակարգված չեն ընդմիջման և արձակուրդի հարցերը։ Խնդիրներն իրոք շատ են, սակայն փորձում ենք դրանք լուծել առանց հանրային աղմուկ բարձրացնելու։ Պետք է ասեմ, որ ֆինանսական համակարգում աշխատում են լավ ու խելացի ղեկավարներ, սակայն յուրաքանչյուր բանկի ղեկավար պարտավոր չէ անգիր իմանալ բոլոր օրենքները, որոնք վերաբերում են աշխատակցին։ Դրա համար էլ ստեղված են արհմիությունները, որ նրանց իրազեկեն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։

-Իրազեկվածության բարձրացման տեսանկյունից ի՞նչ աշխատանքներ է իրականացնում արհմիությունը։

-Պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ և միջոցառումներ, որոնց ընթացքում ոլորտի աշխատակիցներին ներկայացվում են նրանց վերաբերող օրենսդրական կարգավորումները։ Կազմակերպում ենք նաև մրցույթներ, որ խթանենք աշխատողներին։ Սակայն արհմիության ունեցած ռեսուրսները բավարար չեն լայնածավալ իրազեկման աշխատաքներ իրականացնելու համար։ Հնարավորության սահմաններում փորձում ենք աջակցել նաև այն մարդկանց, ովքեր երկար տարիներին աշխատել են ֆինանսական համակարգում, սակայն այսօր անապահով խավ են և օգնության կարիք ունեն։

-Ասացիք, որ ոչ բոլոր բանկերի ու ֆինանսական կառույցների աշխատակիցներն են անդամակցում արհմիությանը։ Ո՞րն է խնդիրը։  

-Արտասահմանյան կազմակերպությունները, որոնք աշխատում են Հայաստանում, հիմնականում խուսափում են արհմիության հետ համագործակցելուց։ Դա արդիական խնդիր է մեզ համար։ Երբ փորձում ենք կապ հաստատել այդ կառույցների հետ, մեզ պատասխանում են, որ իրենց աշխատանքները կարգավորվում են տնօրինության ջանքերով և արհմիությանն անդամակցելու կարիք չկա։ Այլ երկրներում նույնպես առկա այս խնդիրը, որի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, երկրի ղեկավարի միջամտությունն է, որովհետև օրենսդրական առումով հարցը կարգավորված է։

-Օրեր առաջ հյուրընկալել էիք Բելառուսի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության պատվիրակությանը։ Ի՞նչ նպատակով էր կազմակերպվել հանդիպումը և ինչպիսի՞ն են արդյունքները։

-Բելառուսի հետ ունենք կնքած համաձայնագիր, որի շրջանակներում էլ փորձում ենք գործընկերային հարաբերություններ ստեղծել։ Մյուս կողմից և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը նույն միության անդամ են, ինչն ավելի է կարևորում համագործակցությունը։ Պետք է նշեմ, որ այդ երկրում արհմիությունների համակարգը լավ զարգացած է։ Հայաստանյան այցի ընթացքում Բելառուսի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության նախագահ Ալեքսանդր Լիխտարովիչը պատմեց, որ իրենց երկրում բանկային համակարգի յուրաքանչյուր աշխատող պարտադիր կերպով դառնում է արհմիության անդամ և վճարում 1 տոկոս անդամավճար։ Նրանք հնարավորություն ունեն օգտվելու կոլեկտիվ պայմանագրային դրույթներից, ինչը մեր պարագայում դեռևս իրագործելի չէ։ Բելառուսը նաև երկրի ղեկավարի մակարդակով կարգավորել է արտասահմանյան մասնաճյուղերի աշխատակիցների հետ համագործակցության հարցերը։

-Ո՞րն է խնդիրը, որ Հայաստանում այս հարցերը դեռևս կարգավորված չեն։  

Կարծում եմ՝ արհմիությունենրի նկատմամբ ուշադրության պակասն է։ Եթե երկրի ղեկավարության մակարդակով կարևորվի արհմիության դերը, ապա բոլոր հարցերը լուծումներ կգտնեն։ Միայն արհմիության աշխատանքը բավարար չէ։ Ճյուղային արհմիությունն այսօր չի կարողանում հաստակ անդրադառնալ բոլոր խնդիրներին, այն չունի հնարավորություն կնքելու կոլեկտիվ պայմանագրեր։ Աշխարհում ճյուղային արհմիությունները զարգացած կառույցներ են, իսկ մեզ մոտ նոր է սկսվում դրանց զարգացումը։

-Տիկի՛ն Հակոբյան, երկար տարիներ է՝ աշխատում եք ոլորտում։ Նկատե՞լ եք փոփոխություն աշխատող-արհմիություն և գործատու-արհմիություն հարաբերություններում։ 

-Պետք է խոստովանենք, որ մեր իրականության մեջ դեռևս զարգացած չէ հարաբերությունները վարելու կուլտուրան։ Գործտուն չի փորձում երկխոսության սկսել արհմիության հետ։ Դեռևս զարգացած չէ սոցիալական գործընկերության գաղափարը:

-Ամփոփելով զրույցը՝ կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը մի խնդրահարույց հարցի շուրջ։ Երբ նախորդ տարի Կենտրոնական բանկը որոշում կայացրեց բարձրացնելու բանկերի կանոնադրական կապիտալի նվազագույն պահանջը, խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ մինչև սահմանված ժամկետը գուցե որոշ բանկեր փակվեն կամ միաձուլվեն։ Նման պարագայում մեծ է հավանականությունը, որ զգալի թվով աշխատակիցներ մնան անգործ։ Տեղյա՞կ եք այս խնդիրն, գուցե ունեք որոշակի լուծումներ։ 

-Այս հարցի քննարկումներին մասնակցել եմ։ Նշեմ, որ մինչև 2017թ. պետք է իրագործվի ԿԲ-ի սահմանած նորմատիվը։ Ոչ ոք ներկայումս չգիտի՝ բանկերի մոտ կլինեն խնդիրներ, թե ոչ։ Գուցե ոչ բոլոր բանկերը կկարողանան լրացնել այդ կապիտալը։ Հարցը մտահոգիչ է, դրա համար արդեն իսկ փորձում ենք ելքեր գտնել և եռակող համագործակցություն սկսել բանկերի ու Կենտրոնական բանկի հետ։ Սակայն այժմ վաղ է որևէ հստակ լուծում առաջարկել։ 

Հարցազրույցը` Գոհար Ավետիսյանի




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ