Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀԷՑ-ում գողության դեպքերի մասին խոսակցություններին քրեադատավարական ընթացք տալու հիմքեր չկան. Կոստանյան

ՀԷՑ-ում գողության դեպքերի մասին խոսակցություններին քրեադատավարական 
ընթացք տալու հիմքեր չկան. Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունն այս պահին հիմքեր չունի Հայաստանի էլեկտրական ցանցերում գողության դեպքերի մասին խոսակցություններին քրեադատավարական ընթացք տալու համար:

 Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: «Դատախազության պարտականությունն է պատշաճ ընթացք տալ հանցագործության մասին ցանկացած հաղորդման: Հայաստանի էլեկտրական ցանցերում գողության դեպքերի մասին խոսակցություններին քրեադատավարական ընթացք տալու հիմքեր ես այս պահին չունեմ: Եթե համապատասխան պետական մարմինը կատարի ուսումնասիրություններ, կարողանա նյութեր հավաքել և հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ դեպքում դատախազությունն ընթացք կտա այդ հաղորդմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը:

Կոստանյանն ընդգծեց, որ գլխավոր դատախազությունը կարող է արձագանքել, եթե կա հանցագործության դեպք կամ հանցագործության մասին հրապարակային հաղորդում: «Դրա համար կան համապատասխան ընթացակարգ, քրեական գործ հարուցելու առիթներ և հիմքեր: Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ հանցագործության դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում տվող անձին հրավիրում են համապատասխան նախաքննության մարմին, հաղորդումն արձանագրվում է, հաղորդում տվողը նախազգուշացվում է սուտ մատնության դեպքում պատասխանատվության մասին, և ֆորմալ առումով մենք դա համարում ենք քրեական գործ հարուցելու առիթ: Հիմա, եթե հստակ փաստի առնչությամբ կա կամ եղել է նման հաղորդում, ապա ես պատրաստ եմ հենց հիմա հանձնարարել, որպեսզի այդ տեղեկատվությունն արձանագրվի որպես հանցագործության մասին հաղորդում»,- ասաց Կոստանյանը:

Պատգամավորի հարցին, թե արդյոք էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարությունը չի՞ կարող արձանագրվել որպես հանցագործության մասին հաղորդում, Կոստանյանը պատասխանեց. «Ես պետք է ասեմ, որ նախարարը քաղաքական անձ է, և նրա հայտարարությունները կարող են պարունակել իրավական տերմիններ, որոնք օգտագործվել են քաղաքական նկատառումներով, իսկ ես արդեն խոսել եմ այն մասին, որ դատախազությունը պետք է քաղաքական չեզոքություն պահպանի: Սակայն եթե նախարարն ունի նման տեղեկատվություն և համարում է, որ տեղի է ունեցել հանցագործություն, ապա իմ կողմից նշված ընթացակարգը կարող է կիրառվել նախարարի նկատմամբ և նրա մասնակցությանբ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մայիսի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար երվանդ Զախարյանից հետաքրքրվել էր, արդյոք պատրաստվո՞ւմ է Հայաստանի էլեկտրական ցանցերում  գողության դեպքերի մասին խոսակցությունների առնչութամբ դիմել գլխավոր դատախազություն: Երվանդ Զախարյանը պատասխանել էր, որ ինքը չունի համապատասխան նյութեր՝ դատախազություն դիմելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am