Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատվիրակները ներկայացրել են իրենց դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատվիրակները ներկայացրել են իրենց դիրքորոշումը ԼՂ 
հակամարտության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում առանձին քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որին ակտիվորեն մասնակցել են հայկական պատվիրակության անդամները: Մայիսի 21-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտնեց, որ քննարկման ընթացքում տարբեր պատվիրակների կողմից  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հիմնականում անդրադարձ է կատարվել հակամարտության կարգավորմանը Ռուսաստանի մասնակցության համատեքստում: «Իհարկե, մենք ակտիվ մասնակցել ենք քննարկումներին և ներկայացրել ենք մեր մտահոգությունները: Մենք ասել ենք, որ անընդունելի է հակամարտությունը դիտարկել միայն Ռուսաստանի մասնակցության համատեքստում, քանի որ հակամարտության կարգավորմանը հավասարապես մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երեք երկրները, և սխալ է հարցը դիտարկել միայն Ռուսաստանի մասնակցության համատեքստում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նահապետյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության ծագման պատմությանը, որի ժամանակ հայ պատվիրակները ներկայացրել են, որ հակամարտությանն ծագումը ստալինյան քաղաքականության և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կողմից ձեռնարկված ագրեսիայի արդյունք է, և Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի եղել, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և ստեղծել է անկախ պետություն: «Մեր դիտարկումների հետ կապված՝ Ադրբեջանի պատվիրակը ներկայացրեց իր առարկությունները՝ խոսելով անջատողականության, պետությունների տարածքային ամբողջականության, փախստականների առկայության և մի շարք այլ հարցերի շուրջ, որոնց կապակցությամբ մենք հստակ ներկայացրեցինք մեր դիրքորոշումը: Մասնավորապես, մենք հիշեցրել ենք, որ հենց  Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովն իրագործեց հայ սպայի կացնահարումը,և Ադրբեջանն ընդհանրապես իրավունք չունի մարդու իրավունքների մասին խոսելու, որովհետև այդ երկրում մարդու իրավունքները զանգվածաբար խախտվում են, և այդ առումով Ադրբեջանում իրականացվող հակահայկական քարոզչությունը խոսուն վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանը որևէ կերպ պատրաստ չէ հակամարտության կարգավորմանն ուղղված լուրջ բանակցությունների»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Նահապետյանը նաև նշեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մայք Թերները փորձ է արել կազմակերպել եռակողմ հանդիպում վեհաժողովի ղեկավարության, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև, սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ ադրբեջանցիները հրաժարվել են մասնակցել հանդիպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am