Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բանակում վիրավորված զինծառայողների բուժումն արտերկրում կիրականացվի պետության ֆինանսավորմամբ

Բանակում վիրավորված զինծառայողների բուժումն արտերկրում կիրականացվի 
պետության ֆինանսավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությանն առաջարկել օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն ընձեռնել մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ գործադիրը կիսում է պատգամավորի մտահոգություններն ու առաջարակում նախագիծը հաստատել մի քանի փոփոխություններով: Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ն առաջարկեց զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում:

«Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից կօգտվեն մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի առկայություն, ապա կհատուցվի նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարի դիտարկմամբ, օրինագծի ընդունմամբ մարտական պայմաններում զինվորական ծախսերը պետական միջոցների հաշվին նախատեսելը լրացուցիչ խթան կհանդիսանա և կբարձրացնի զինծառայողների պաշտպանվածության մակարդակը: 

Կառավարությունն Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի հիման վրա լրամշակված տարբերակն ընդունեց միաձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am