Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Միջազգային հանրության միջամտության դեպքում ցեղասպանությունների մի մասը հնարավոր կլիներ կանխել. ցեղասպանագետ

Միջազգային հանրության միջամտության դեպքում ցեղասպանությունների մի 
մասը հնարավոր կլիներ կանխել. ցեղասպանագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում հաջողվել է ստեղծել Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների մեծ խումբ, որն իր մասնակիցների քանակով զիջում է միայն Հոլոքոստն ուսումնասիրող գիտնականների խմբին: «Ցեղասպանության հանրագիտարան» գրքում նման դիտարկում է արել իսրայելցի հայտնի հոգեբան և ցեղասպանագետ, Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է քաղվածքների ժողովածու, որտեղ տեղ են գտել հատվածներ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող  առաջատար գիտնականների աշխատություններից: 

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունն է, որում պետական մեքենայի հզոր ուժը օգտագործվել է համակարգված սպանությունների համար (իսրայելցի մի գիտնական Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «Հոլոքոստի գլխավոր փորձ»), ավելինˋվերջին երջին շրջանում հաջողվել է ստեղծել Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների մեծ խումբ, որն իր մասնակիցների քանակով զիջում է միայն Հոլոքոստն ուսումնասիրող գիտնականների խմբին»,- 1999 թվականին լույս տեղած հայտնի հանրագիտարանում նշում է Իսրայել Չարնին:

Օկլահոմայի համալսարանի դոցենտ Մայքլ Թեյլորը, տալով ցեղասպանության սահմանումը, նշում է, որ Հոլոքոստը 20-րդ դարի միակ ցեղասպանությունը չէ, և ընդգծում, որ նախորդ դարի ցեղասպանությունների մի մասը հնարավոր կլիներ կանխել, եթե լիներ միջազգային հանրության միջամտությունը:

«Ցեղասպանությունը մարդկանց բնաջնջելու փորձ է՝ նրանց ռասայական, կրոնական, էթնիկ կամ ազգային պատկանելիության համար, որը սովորաբար իրականցվում է զանգվածային սպանդի միջոցով: Հոլոքոստը, որի ժամանակ ֆաշիստները սպանեցին մոտ 6 միլիոն հրեայի և այլ ազգերի միլիոնավոր ներկայացուցիչների, 20-րդ դարի թերևս ամենահայտնի ցեղասպանությունն է: Թեև Հոլոքոստը կարող է եզակի լինել մի շարք ասպեկտներով, սակայն այն եզակի չէ որպես ցեղասպանություն: 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարի նախաշեմին ցեղասպանություն է իրականացվել Կամբոջայում, Գերմանիայում, Իրաքում, Թուրքիայում և Ռուանդայում, որոնց ընթացքում արտաքին միջամտությունը հազվադեպ է  եղել:

Ցեղասպան այս գործողություններից մի քանիսը, հավանաբար, հնարավոր կլիներ կանխարգելել և հնարավոր կլիներ խուսաձել մեծ վնասից, եթե միջազգային հանրությունը արագ և վճռական գործողությունների դիմեր»,- նշում է նա:

Փարիզի Սորբորնի համալսարանի պրոֆեսոր, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին գրքերի հեղինակ Իվ Թերոնն էլ  նշում է, որ Օսմանյան կայսրության ղեկավարների իրականացրած ցեղասպանությունը հայերի դեմ համարվել է 40 տարի ձգձգվող և այդպես էլ լուծում չստացող խնդրի «վերջնական լուծում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am