Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Genealogy»-ն «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչին առավել մեծ հպարտությամբ է հանդես գալու

«Genealogy»-ն «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչին առավել մեծ հպարտությամբ է 
հանդես գալու

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն առավել մեծ հպարտությամբ մասնակցելու է մրցույթի եզրափակիչին: Խմբի անդամները շնորհակալ են բոլորին աջակցության համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ընդգծեց, որ «Genealogy»-ն շատ հաղթական և մարտական էր տրամադրված:

«Նրանց օգնեցին նախորդող փորձերը, և նրանք կարողացան հաղթահարել իրենց հուզմունքը: Սա նրանց լավագույն ելույթն էր: Նրանք հավաքվեցին, շատ պատրաստ էին և կարողացան գեղեցիկ ներկայանալ և իրենց ողջ սերը հանդիսատեսին տալ»,-նշեց նա: Գոհար Գասպարյանը հավելեց, որ մեր երկիրը հանդես կգա մրցույթի եզրափակիչի առաջին մասում:

Խմբի անդամ Ինգա Արշակյանն ընգդծեց, որ չափազանց ոգևորված են և հուզված: «Առջևում արդեն եզրափակիչ փուլն է, և հուսանք, որ այն լավ կանցնի: Հարգելի հայրենակիցներ ամբողջ աշխարհում, խոնարհվում եմ ձեր առջև և անչափ շնորհակալ եմ, որ մեր կողքն էիք: Առանց ձեր սիրո և քվեարկության մենք չէինք հայտնվի եզրափակիչում:  Մենք զգում էինք մեր ընտանիքի և բոլոր հայերի ուժը, և դա մեզ միավորում էր և օգնում ելույթ ունենալ: Մենք մի ընտանիքի պես միացանք և փորձեցինք ելույթ ունենալ»,-նշեց նա:

Խմբի անդամներից Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն էլ նշեց, որ շատ հպարտ է Հայաստանով և «Genealogy»-ով: «Մենք շատ հպարտ ենք հայ լինելու համար, մենք սա արել ենք Հայաստանի և սփյուռքի համար»,-հավելեց նա:

Թամար Կապրելյանն էլ փաստեց, թե գիտեր, որ իրենք խմբով ուժեղ են: «Ամենակարևոր բանը լավ էներգիան է, մենք լավ էներգիա ստացանք հանդիսատեսից, դահլիճում շատ հայկական դրոշներ կային, շատ ուրախացրեց մեզ դա: Շատ հպարտ ենք և  ուրախ»,-նշեց նա:

Երգչուհին հավելեց, որ մրցույթի բոլոր ներկայացուցիչները շատ տաղանդավոր են, շատ գեղեցիկ ձայներ ունեն, իսկ երգերը լավ են գրված: «Genealogy»-ն էլ իր հերթին հույս ունի բարձր հորիզոնական զբաղեցնել:

Ստեֆանի Թոփալյանն էլ ընդգծեց, որ բոլորն իրենց աջակցում են ու սիրում, և դա իրենց ուժեղ է դարձնում:

«Մեզ անընդհատ լավ նամակներ են ուղարկում: Մենք մենակ չէինք, վեց հոգի չէինք բեմի վրա, 13 միլիոն էինք, ինչպես միշտ կասեինք, և շատ հպարտ ենք, շատ ուրախ և հուզված»,-նշեց Վահե Թիլբյանը: Նա ընդգծեց, որ խումբն ավելի մեծ հպարտությամբ է մասնակցելու եզրափակիչին:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթները, լեզուները`կառուցելով կամուրջներ: «Genealogy» խմբի անդամները ավստրիական բեմում մայիսի 19-ին կատարեցին «Face The Shadow» («Առերեսվի՛ր ստվերի հետ») երգը և մտան մրցույթի եզրափակիչ փուլ:

«Եվրատեսիլ-2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am