Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահին կոչ է արել հրաժարվել ԼՂ վերաբերյալ զեկույցից

Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահին կոչ է արել հրաժարվել ԼՂ վերաբերյալ զեկույցից

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը չի պատրաստվում համագործակցել «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցի հեղինակ Ռոբերտ Վոլտերի հետ, քանի որ չի հավատում զեկույցի անաչառությանը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների և ԵԽԽՎ նախագահի հանդիպման ընթացքում հայտարարել է ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը: Նա ընդգծել է, որ զեկույցը պատվիրված է ադրբեջանական պատվիրակության կողմից:  Բրասորի՝ պատվիրակությունների միջեւ վստահության մակարդակը բարձրացնելուն վերաբերող առաջարկին ի պատասխան՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրա նախապայմանը պիտի լինի ԵԽԽՎ-ի կողմից նման զեկույցներից հրաժարվելը:

Խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ ԼՂ-ի մասին զեկույց պատրաստողը նախ պետք է այցելի Ղարաբաղ եւ մոտիկից ծանոթանա արցախցիների հետ: Նրանք առաջարկել են ԵԽԽՎ նախագահին առաջիկայում ԼՂ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ այցելել Լեռնային Ղարաբաղ եւ կարեւորել են Եվրոպայի խորհրդում ԼՂ-ին առնչվող հարցերի քննարկումների ժամանակ այդ երկրի խորհրդարանի պատգամավորների մասնակցությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արխիվները բացելու եւ պատմագիտական ուսումնասիրություն իրականացնելու առաջարկի վերաբերյալ՝ խորհրդարանական խմբակցությունների անդամները փաստել են, որ Հայոց ցեղասպանությունը վաղուց ուսումնասիրվել է մասնագետների կողմից եւ ճանաչվել: Նշվել է, որ Հայաստանը արխիվներում ոչինչ չի թաքցնում, իսկ աշխարհասփյուռ հայությունն ապացույցն է այն բանի, որ հենց Ցեղասպանության պատճառով է հայ ժողովուրդը սփռվել աշխարհով մեկ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Անն Բրասորը կարեւորել է խնդրի կարգավորումը: Հայ-թուրքական հարաբերությունների առումով ԵԽԽՎ նախագահը, կարեւորելով երկխոսությունը եւ շփումները երկու երկրների միջեւ, նշել է, որ կողմերը պետք է մի կողմ դնեն նախապայմանները՝ ընդգծելով նաեւ, որ առանց անցյալի հետ հաշտվելու՝ հնարավոր չէ ապագա կառուցել: Նրա գնահատմամբ՝ այն, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մեծ եղեռնը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում անվանել է Ցեղասպանություն, դա եւս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am