Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահին իրազեկել է Ադրբեջանի կողմից կրակոցների հաճախակի դառնալու մասին

Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահին իրազեկել է Ադրբեջանի կողմից կրակոցների 
հաճախակի դառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Հայաստանի խորհրդարանում հանդիպում են ունեցել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորի հետ: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները ԵԽԽՎ նախագահին ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունները՝ անդրադարձ կատարելով ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սահմանադրական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ ԼՂՀ-ի հետ ԵԽԽՎ-ի համագործակցության անհրաժեշտության մասին:  ԵԽԽՎ  նախագահը  նշել է, որ ԼՂ-ի բնակչությունը ԵԽ-ի 820 միլիոնանոց ընտանիքի մաս է կազմում, որի մասին Եվրոպայի խորհրդում պետք է հոգ տանեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից, Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ԵԽԽՎ նախագահի այցը Հայաստան, նշել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը մասնակցել է ԵԽ-ի բոլոր մակարդակներում աշխատանքներին, իրականացրել ստանձնած պարտավորությունները: Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումները: Նա մասնավորապես նշել է, թե բարեփոխման ինչպիսի աշխատանքներ են իրականացվում դատաիրավական, ոստիկանության ոլորտներում, գենդերային հավասարության, սեռական եւ կրոնական փոքրամասնություններին առնչվող իրավական պաշտպանության մասում:

Հերմինե Նաղդալյանը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին եւ կրկին հավաստիացրել, որ այս հարցում Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով քննարկումները եւ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ ու ԼՂՀ մասնակցությամբ:

Նա տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորին, որ ամառվանից սկսած հաճախակիացել են գնդակոծություններն Ադրբեջանի կողմից, որի հետեւանքով մի քանի անգամ ավելացել են զոհերը շփման գծում, ինչը, ըստ նրա, կապված է ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ գտնվող «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրված զեկույցի հետ: Նաղդալյանը նկատել է, որ խնդրի կարգավորման համար բավարար չեն Հայաստանի ջանքերը, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները:

Այս համատեքստում խոսվել է վստահության ցածր մակարդակի եւ անաչառության դեֆիցիտի մասին:

Պատվիրակության ղեկավարը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների կասեցման վերաբերյալ, նշել, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւորել է հատկապես դրանց կրկնությունը կանխարգելելու տեսանկյունից:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը եւ Լեւոն Զուրաբյանը խոսել են ներքաղաքական իրավիճակից եւ գործընթացներից, ներկայացրել իրենց մտահոգություններն ու դիրքորոշումները քննարկվող եւ այլ հարցերի առնչությամբ: Հայկական պատվիրակության անդամները կարեւորել են ԵԽԽՎ պատգամավորների նախաձեռնած միավորման ստեղծումը, որի նպատակն է պայքարել ատելության, անհանդուրժողության եւ ժխտողականության դեմ:

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ անդրադարձել բարձրացված հարցերին: Նա կարեւորել է տարբեր խնդիրների լուծման համար միահամուռ ջանքերի գործադրումը: Անդրադառնալով դատաիրավական ոլորտին՝ նա կարեւորել է դատական մարմինների անկախությունն ու հանրության վստահության մեծացումը դրանց նկատմամբ, անհրաժեշտ համարել անպատժելիության բացառումը: Տիկին Բրասորն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներին, ընդգծել դրանց համապատասխանության անհրաժեշտությունը ԵԽ չափանիշներին եւ նշել, որ սահմանադրական բարեփոխումները չպետք է լինեն ինքնանպատակ. նրա խոսքով՝ դրանք պետք է դառնան գործիք՝ երկիրը զորացնելու համար: Նա նաեւ կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am