Երևանյան բեսթսելեր 3/3. Վարկանիշային աղյուսակում երկու նոր գիրք կա
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության հեղինակային «Երևանյան բեսթսելեր» նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ նոր գիրք է գլխավորում: Գևորգ Գիլանցի «ARS-մետա» ժողովածուն տարասեռ ժանրերով, տարբեր կառույցներով ու պատումի տարաբնույթ խաղարկումներով ամբողջացող կենսատարածք է: Ավելի քան 10 տարի տևած գրական իր լռությունը Գևորգ Գիլանցը փոխհատուցում է բոլորովին նոր հուն մտած և ինքնատիպ մտածողության որակով՝ թե՛ բանաստեղծական տեքստերում, թե՛ արձակ պատումներում:
Երկրորդ և երորդ հորիզոնականներում Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունն է՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը չորրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը, հինգերորդ հորիզոնականում է: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության. Տաղեր» ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Յոթերորդ հորիզոնականն էլ զբաղեցնում է Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» գիրքը:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս ՍքոթՖիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Իններորդ հորիզոնականում է Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործը, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» եզրափակում է ցանկը: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ: Թարգմանիչ՝ Արտակ Վարդազարյան, խմբագրումը և պորտուգալերեն բնագրի հետ համեմատությունը` Աշոտ Եղիազարյանի:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական,տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
1 | նոր | Գևորգ Գիլանց «ARS-մետա» | Անտարես | 19 | |
2 | -1 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 18 | |
3 | +2 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Էդիթ Պրինտ |
15 | |
4 | * |
Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 11 | |
5 | նոր |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ |
10 | |
6 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության. Տաղեր» |
Զանգակ | 10 | |
7 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 8 | |
8 | * |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 8 | |
9 | -3 |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ |
8 | |
10 | * | Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» | Անտարես | 8 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում