Երևանյան բեսթսելեր 3/1. «Արմենպրես»-ի հատուկ մրցանակակիր «Մանդիլիոն»-ը կրկին ամենապահանջվածներից է
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է «Էդիթ պրինտ»-ի նոր հրատարակությունը` Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործությունը: «Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Երրորդ հորիզոնականում էլ մեկ այլ հրատարակչության լույս ընծայած կրկին Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունն է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Չորրորդ հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը հինգերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Վեցերորդ հորիզոնականում է «Ո՞ւր է իմ պանիրը» գործը, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտորՍպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» ութերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ:
Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» վեպը հեղինակի խոստովանությամբ իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ անսահման սերն է:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական,տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
1 | նոր |
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը» |
Էդիթ Պրինտ |
56 | |
2 | * | Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» | Անտարես | 31 | |
3 | -1 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 29 | |
4 | +1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 26 | |
5 | +2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 26 | |
6 | -5 |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ |
25 | |
7 | -1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 16 | |
8 | -5 | Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» | Անտարես | 16 | |
9 | -5 |
Օրհան Փամուք «Իմ անունը Կարմիր է» |
Անտարես | 15 | |
10 | * | Ջորջ Օրուել «1984» | Անտարես | 15 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում