Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իսրայելցի հայտնի ցեղասպանագետը ոգևորված է Արցախի բնակչության տոկունությամբ

Իսրայելցի հայտնի ցեղասպանագետը ոգևորված է Արցախի բնակչության 
տոկունությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունների չճանաչումն անընդունելի է, քանզի դա ապագայում հանգեցնում է նոր ցեղասպանությունների իրագործման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի ամերիկյան համալսարանում հանրային դասախոսության ժամանակ նման կարծիք հայտնեց իսրայելցի հայտնի գիտնական, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության, ռասիզմի և ժամանակակից հրեագիտության փորձագետ Յաիր Աուրոնը, ով վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից:

Դասախոսության սկզբում պատմաբանը ներկայացրեց Արցախի Հանրապետություն կատարած ճանապարհորդության տպավորությունները: «Ոգևորված եմ Արցախի բնակչությամբ: Այս տարի առաջին անգամ այցելել եմ Արցախ: Կարծում էի, որ այնտեղ կտեսնեմ աղքատ, զայրացած և հուսահատ մարդկանց: Սակայն, չնայած ծանր պայմաններին, այնտեղի բնակչությունը չի ընկրկել, չի ցանկանում հեռանալ հայրենիքից այլ վայրեր, ուր կարող է խաղաղ և ապահով ապրել, ամեն գնով ցանկանում է մնալ հայրենիքում: Նրանք իրենց մեջ միավորում են համեստությունը և վճռականությունը: Հիմա ավելի շատ եմ սիրում նրանց»,- նշեց բանախոսը:

Անդարադառնալով Հայոց ցեղասպանությանը, նա կարևորեց իրազեկվածության բարձրացումը և ուսուցումը ցեղասպանությունների ճանաչման գործընթացում: «Դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունը  դեռևս ճանաչված չէ  մարդկության զգալի հատվածի կողմից: ՄԱԿ-ի անդամ երկրների միայն 10 տոկոսն է ճանաչել այն: Գերմանիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանը ոչ հստակ ձևակերպմամբ բանաձև է ընդունել, սակայն ոչ կառավարությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից, հրեական ցեղասպանությունից հետո մեզ թվում էր, թե ինչ-որ բան կփոխվի, սակայն ոչինչ չի փոխվել: Ցեղասպանությունների չճանաչումն անընդունելի է, քանզի ապագայում դա նոր ցեղասպանությունների է հանգեցնում: Բոլորը քաջ գիտեն և բազմիցս ասվել են հրեաների ցեղասպանություն կազմակերպելու ժամանակ Հիտլերի խոսքերը. «Ով է այժմ հիշում հայերի ջարդերը»»,- նկատեց Աուրոնը` միաժամանակ նշելով, որ  որոշ հաշվարկների համաձայն` օրական 10 հազար մարդ է սպանվել Հայոց ցեղասպանության ժամանակ:

Յաիր Աուրոնը Քեմբրիջի Զորյան ինստիտուտի (Մասաչուսեթս) տնօրենների խորհրդի անդամ է, Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի փոխտնօրեն, տնօրենների գիտական խորհրդի անդամ և Սան Ֆրանցիսկոյի ցեղասպանության կրթության նախագծի խորհրդատվական խորհրդի անդամ: Նա եղել է Իսրայելում ցեղասպանության վերաբերյալ իրազեկման բարձրացման համառ ջատագով, ապա շարունակել է իր գործունեությունը` որպես առաջատար ուսուցանող ցեղասպանության, մասնավորապես` Հայոց ցեղասպանության ոլորտում: Այս տարի հրեա պատմաբանը հրապարակել է խոշոր ցեղասպանությունների, ներառյալ` Հայոց ցեղասպանության մասին գրքերի շարք: Այս կիսամյակ` որպես հրավիրված դասախոս, նա դասախոսություն է կարդում Հայաստանի ամերիկյան համալսարանում «Համեմատական ցեղասպանություն» և «Համեմատական ինքնություն» թեմաներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am