Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գիրք նվիրելու օրը սիրված տոն է դառնում

Գիրք նվիրելու օրը սիրված տոն է դառնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք ընթերցելը ժամանակակից է, գիրքն էլ լավագույն նվերն է՝ ցանկացած տոնին: Վերջին տարիներին ընթերցանության և գրքերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. գրականագետները, գրախանութների ղեկավարներն ու ընթերցասերները փաստում են՝ Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ արձագանք է գտել հանրության շրջանում:   

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը վստահ է՝ տոնին ընդառաջ շատ մեծ ակտիվություն է նկատվում, և յուրաքանչյուրը տոնին յուրահատուկ ձևով է պատրաստվում: «Լավ է, որ մարդիկ միմյանց գրքեր են նվիրում: Այս տոնն արդեն ամրագրվել է մեր հասարակության մեջ որպես Գիրք նվիրելու օր, և մարդիկ հաճույքով նշում են այն: Տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում. միայն 12 միջոցառման են ինձ հրավիրել, կարելի է ասել, որ տոնի գիտակցությունն արդեն առկա է, և տոնը մեծ ժողովրդականություն է սկսել վայելել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականագետի խոսքով՝ երբ տարիներր առաջ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը որոշեց, որ փետրվարը 19-ը կդառնա Գիրք նվիրելու օր, նման բազմազան և լավ գրքեր չկային, և մարդիկ ստիպված բուկինիստական գրքեր էին նվիրում կամ էլ ընդհանրապես չէին նվիրում: «Այսօր մեր գրահրատարակչական դաշտը լեցուն է բազմաթիվ հրաշալի գրքերով, և տոնը նորովի է իմաստավորվում: Տոնի ժողովրդականությունը կապում եմ այն փաստի հետ, որ վերջին տարիներին Հայաստանում շատ լավ գրքեր են հրատարակում»,-նշեց նա:

«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը ողջունում է Գիրք նվիրելու օրը և փաստում, որ տոնը դարձել է ավանդական և մեծացել է դրա ընդգրկվածությունը: «Իհարկե, դրան նպաստեց նաև այն, որ դպրոցներում էլ երեխաները գրքեր են նվիրում իրար: Մեծերն էլ են իրար նվիրում: Հաճելի է, երբ մարդիկ իրար գրքեր են նվիրում»,-նշեց նա: Խաչիկ Վարդանյանի խոսքով՝ այս օրերին գրախանութում մեծ շարժ է նկատվում. մարդիկ գալիս են գրքեր գնելու:

«Արդեն փորձ ունենք և նախապատրաստվում ենք տոնին, տեսականին ավելի շատացնում ենք, որպեսզի ոչ մի գնորդի չմերժենք և տրամադրենք ցանկացած գիրք»,-հավալեց նա՝ ընդգծելով, որ գրախանութը նաև տոնի առթիվ տոնական միջոցառումներ է կազմակերպելու:

Երիտասարդ գրող Նարեկ Կիրակոսյանի համոզմամբ էլ՝ տոնը նպաստում է, որ ընթերցասերների շրջանում աշխույժ վիճակ ստեղծվի: «Դպրոցներում երեխաներն սկսում են իրար գրքեր նվիրել, և այդ մշակույթը մեր հասարակություն է ներթափանցում: Գիրքն, ինչքան էլ ապրանք լինի, հոգևոր և մշակութային արժեք է: Իմ կարծիքով՝ գիրք գնողները միշտ քիչ են եղել: Շատ եմ նկատել նաև, որ հաճախ ձևական գիրք են գնում՝ ուղղակի ցուցադրելու համար, բայց կան մարդիկ, որ շատ են սիրում գրականությունը, և գնում են գրքեր, որոնցով հետաքրքրվում են, անգամ ձեռք են բերում համացանցի միջոցով»,-նշեց նա:

ՀՀ Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են մի շարք միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am