Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Գյումրիում և Երևանում ոստիկանություն բերման ենթարկված 59 քաղաքացիները ազատ են արձակվել

Գյումրիում և Երևանում ոստիկանություն բերման ենթարկված 59 քաղաքացիները 
ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 15-ին անցկացվող խաղաղ հավաքից հետո ՌԴ հյուպատոսության մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանություն բերման է ենթարկվել 21 անձ: Եվս 38 մարդ ոստիկանական բաժիններ է տարվել Երևանի Ազատության հրապարակից եւ հարակից տարածքից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բերման ենթարկված բոլոր անձինք բաց են թողնվել: «Գյումրիում 15, իսկ Երևանում 3 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն»,- հայտնեցին ոստիկանությունից:

Ընդհանուր առմամբ, միջադեպերի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել 26 քաղաքացի, որոնցից 16-ը` ոստիկանության աշխատակիցներ: Վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկը գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում վիրահատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:

Հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվել է: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրել է, որ դիմելու է ռուսական կողմին` ոճրագործին հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջել են նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվել են ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվել է բախում: Երեկոյան չնախատեսված հավաք է տեղի ունեցել նաև Երևանի Ազատության հրապարակում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]