Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայ ծրագրավորողները գտել են` ինչպես երկրում ավոկադո աճեցնել. նորարարական 5 նախագծեր

Հայ ծրագրավորողները գտել են` ինչպես երկրում ավոկադո աճեցնել.  
նորարարական 5 նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհն արագ քայլերով զարգանում է, առօրյա խնդիրների լուծման համար օրեցօր նոր լուծումներ են առաջարկվում: Գաղափարների «գոյության պայքարում» գոյատևում են ամենակենսունակները:

Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագիրի (STEP) շրջանակներում «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային 8-րդ մրցույթի հաղթողները հայտնի են: Հաղթող են ճանաչվել հինգ թիմեր, որոնք առաջարկել են նորարարական նախագծեր  ու արժանացել մենթորների հավանությանը: Առաջին մրցանակին են արժանացել ՄԱկվափոնիքս, Sololearn և Forkize նախագծերը, որի համար յուրաքաչյուր թիմ ստանում է 15 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ տեղի մրցանակակիրներն են` atDent և Ամպային տվյալների անվտանգության ծրագրերը, որոնք էլ կստանան 7.5 հազարական ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»-ը զրուցել է նախագծերը ներկայացրած թիմերի անդամների հետ ու փորձել հասկանալ նորարարական գաղափարների հետագա ճակատագրի մասին:

Ջերմոց, որտեղ հողի փոխարեն ջուր է

ՄԱքվապոնիքսն (MAquaponics) Աքվապոնիկայի համակարգ է, ինչը ներկայացնում է անվտանգ սննդի արտադրություն, որը ջերմոցի և ձկան արտադրության համադրությունն է` էկոլոգիապես մաքուր եղանակով: Այս դեպքում ջերմոցում հողի փոխարեն կիրառվելու է ջուրը: Այն որպես համակարգ առկա է զարգացած երկրներում` ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, զարգացողներում գրեթե ոչ: Անի Մկրտչյանը, ով նախագծի ղեկավարն է, նշում է, որ իրենք ծրագիրը Հայաստանում իրականացնում են միջազգային Agreco ընկերության հետ, որը Գանայում, Քենիայում, Ամերիկայում նմանատիպ նախագծեր է վարում: «Հայաստանում պլանավորում ենք ծրագիրն իրականացնել Դդմաշեն գյուղում: Տարածքը 1000 քառակուսի մետր է, պլանավորված է նոր ձկնատեսակ բերել Հայաստան, որի պահանջարկը կա: Մարտին պլանավորում ենք կառուցել: Ամերիկյան ներդրողներից արդեն ունենք 30 հազար ԱՄՆ դոլարը, ևս 15 հազար ԱՄՆ դոլար մրցույթի արդյունքում ձեռք բերեցինք: Մոտավոր հաշվարկներով վեց ամսից շահույթ կունենանք»,-ասաց նա:

Անի Մկրտչյանի խոսքով` իրենք պլանավորում են յուրահատուկ պրոդուկտներ արտադրել: Հարցում են իրականացրել ու հասկացել, որ շուկայում կա ավոկադոյի, ծնեբեկի պակաս ու քանի որ կառուցվելիքը ջերմոց է,  հետևաբար տարբեր արտադրանք տալու հնարավորություն կա: «Հետագայում պլանավորում ենք Դդմաշենը դարձնել էկո և ագրո տուրիստական կենտրոն, ինչպես նաև կրթական կենտրոն: Այն բոլոր մարդիկ, ովքեր հետաքրքրված են, կարող են գալ ու սովորել: Դդմաշենը շատ հարմար տեղ է, այն մոտ է Սևանին ու Հրազդանին, նաև շուկայի տեսանկյունից կայուն ենք: Օգտագործելու ենք տեղական հումքը, աշխատելու ենք հայկական ռեստորանների հետ, օգտագործելու ենք այն աշխատուժը, որ կա գյուղում, և փորձելու ենք մոդելային տնտեսություններ ստեղծել գյուղում, թե լինի հետաքրքրվածություն»,-նշեց ծրագրի ղեկավարը` հավելելով, որ մտադիր են ծավալվել նաև տարածաշրջանում:

Ծրագրավորում կարելի է սովորել բջջային հեռախոսից

Sololearn-ը կրթական նախագիծ է, մի հարթակ, ուր ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորում արագ և արդյունավետ ձևով: Նախագծի ղեկավար Դավիթ Քոչարյանի տեղեկացմամբ` իրենք, հիմնականում, կենտրոնացած են ծրագրավորման վրա, բայց ունեն նաև այլ կուրսեր, հետագայում նաև վեբ օգտատերերը կարող են խաղային ու ինտերակտիվ ձևով ձեռք բերել հմտություններ:

«Sololearn-ը բջջային հավելված է, որի միջոցով, խաղ խաղալով, կարճ վիդեոներ նայելով, պրակտիկ խնդիրներ լուծելով, կարող եք սովորել ծրագրավորում:

Տարիքային սահմանփակումներ չկան, ինչպես նաև անվճար է: Հասանելի է Անդրոիդի ու Վինդոուզի համար, Iphone, Ipad-ի համար մի քանի օրից կլինի: Արդեն ունենք վեց հարյուր հազարից ավելի ներբեռնողներ, ովքեր լավ կարծիքներ են թողնում, այսինքն` դասընթացներն իրոք արդյունավետ են: Լեզուն ամբողջությամբ անգլերեն է, բայց ունենք շատ խնդրանքներ այլ լեզուններով թարգամանելու համար, հատկապես իսպանախոս, ռուսախոս օգտատերերն են ցանկանում. պլաններում կա»,-տեղեկացրեց Դավիթ Քոչարյանը` նշելով, որ հայերեն տարբերակ ստեղծելու ուղղությամբ ևս մտածում են:

«Այս ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ոչինչ չգիտեն, սովորելու արդյունքում հասնում են միջին մակարդակի: Օրինակ, C++ ծրագիրն ամիսների կուրս է, բայց մեր հավելվածի միջոցով սովորեցնում ենք 5-6 օրում: Ավելի խորացված կրթություն պատարստվում ենք վեբ տարբերակում ունենալ, որովհետև հեռախոսով դժվար է բարդ բաներ սովորեցնելը»,-ասաց Դավիթ Քոչարյանը:

Հարցին ի պատասխան, թե որքանով է նորարարական հավելվածը, Դավիթն ասաց, որ նմանատիպ հավելվածներ կան, ուղղակի դրանց մի մասը վճարովի է, այսինքն` պետք է վճարեն, որ կարողանան սովորել, կամ էլ որոշակի տարրեր են պակասում նշյալներում: «Մեր հիմնական նորարարությունը բովանդակությունը մատուցելու մեթոդաբանությունն է` ինտերակտիվ ձևով, որ մարդու ուշադրությունն ենք կենտրոնացված պահում ու արդյունավետ տեղ հասցնում»,-նշեց Դավիթ Քոչարյանը:

Իսկ ինչ է լինելու ծրագիրը ներկայացնող թիմի հաջորդ քայլը: «Մեր հաջորդ քալլը միլիոնների հասնելն է, այսինքն` օգտվողներին քանակի ավելացումը: Մեզ մոտ ամսական ակտիվ սովորողները 120 հազարի կարգի են»,-հայտնեց Դավիթը:

Եթե համակարգչային խաղը ձեզ համար բարդ է, հոգ չէ. խաղի ստեղծողը կմիջամտի

Forkize-ը ծրագիր է, որը հավելվածներ ու խաղեր ստեղծողներին ներկայացնում է իր օգտատերերի նախասիրություններն ու հնարավորությունները` թույլ տալով անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին: «Այս պահին կան շատ բջջային հավելվածներ, սակայն բոլորն էլ ունեն մի խնդիր, նույն տվյալը ներկայացնում են իրենց բոլոր օգտագործողներին նույն տեսքով, մենք խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ` բջջային հավելված օգտագործողներին խմբավորում ենք ու փորձում անհատական մոտեցում ցույց տալ: Օրինակ, ինչ-որ խաղում որևէ փուլ, եթե օգտատիրոջ համար դժվար է, խաղի ստեղծողը մեր հավելվածի միջոցով իմանալով այդ մասին, կարող է հեշտացնել նրա համար խաղը` ճանաչելով նրա նախասիրություններն ու հնարավորությունները»,-նշեցին ծրագիրն իրականացնող թիմի անդամները: Նրանց խոսքով` հավելվածը կիրառելի է, թե տեղական, թե գլոբալ շուկայում:

Կկանխվի ամպային պահոցներից տվյալների արտահոսքը

Ամպային տվյալների անվտանգություն առաջարկող ծրագիրը, որի ղեկավարը Արամ Ջիվանյանն է, նախատեսված է գլոբալ շուկայի համար` չնայած կարող է ունենալ տեղական հաճախորդներ: «Բոլոր այն կազմակերպությունները, որոնք տվյալներ են պահում ամպային պահոցներում ու հետաքրքրված են անվտանգությամբ, ծրագիրը նախատեսված է նրանց համար: Ամպային պահոցներ, ինչպիսիք են օրինակ DropBox-ն ու Google Drive-ը, օգտագործողները, օգտվելով մեր ծրագրից, կարող են իրենց տվյալները պահել գաղտնագրված տեսքով, այսինքն` ամպային պահոցներ տրամադրող կազմակերպությունները չեն կարող ունենալ օգտագործողի տվյալները, հետևաբար, տվյալների արտահոսք չի լինի»,-ասաց Արամ Ջիվանյանը:

Հարցին, թե որն է լինելու թիմի հաջորդ քայլը, Արամը նշեց. «Նախագիծը գտվում է մշակման փուլում, դեռ ավարտված չէ` չնայած կա արդեն պրոտոտարբերակ, հուսով ենք մոտակա երեք ամսում վերջացնել ու ստանալ աշխատող տարբերակ կազմակերպությունների համար ու սկսել տեստավորումը արդեն իրական կազմակերպություններում»:

Ծրագրավորողները` ատամնաբույժների համար

atDent ծրագիրն էլ հանդիսանում է կառավարման ցանցային ծրագիր ինչպես ատամանբուժական կլինիկաների, այնպես էլ անհատ ատամնաբույժների համար: Այն թույլ է տալիս պլանավորել, հետևել և վերահսկել բժիշկների աշխատանքը, պահել բուժումների վերաբերյալ էլեկտրոնային գրառումներ, վերլուծել աշխատանքի արդյունքները, ստեղծել հաշվետվություններ ու կպվել հաճախորդների հետ: Այն կարող է փոխարինել բոլոր այն թղթային և էլեկտրոնային ֆայլերը, որոնք ներկայում օգտագործվում են ատամանբուժական կլինիկաների կողմից պլանավորման, փաստաթղթավորման և օրենքով սահմնաված հաշվետվոթյունների կազման համար:

Պատրաստեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am