Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԼՂՀ-ն երկրորդ անգամ է դիմել ԿԽՄԿ-ին ուղղաթիռի օդաչուների ճակատագիրը պարզելու պահանջով

ԼՂՀ-ն երկրորդ անգամ է դիմել ԿԽՄԿ-ին ուղղաթիռի օդաչուների ճակատագիրը 
պարզելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի ապակառուցողական աշխատանքի եւ ռազմատենչ դիրքորոշման հետեւանքով հայկական կողմն արդեն մեկ շաբաթ է որեւէ տեղեկություն չունի ադրբեջանական օդուժի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի վերաբերյալ: Հայկական կողմի եւ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը` այցելել դեպքի վայր եւ փորձել պարզել իրականությունը բախվում են ադրբեջանական պատին, քանի որ նրանք արդեն մեկ շաբաթ է կրակահերթի տակ են պահում խոցված ուղղաթիռի վայրն ու թույլ չեն տալիս, որպեսզի միջազգային կազմակերպություններն այնտեղ դիտարկումներ անցկացնեն եւ փրկարարական աշխատանքների շնորհիվ կարողանան որեւէ տեղեկություն ստանալ անձնակազմի ճակատագրերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտում է, որ հայկական կողմի առաջնահերթությունը անձնակազմի մասին տեղեկություն ստանալն է եւ դրանով է պայմանավորված, որ հայկական կողմը երկրորդ անգամ է դիմում Կարմիր խաչ միջազգային կոմիտեին, որպեսզի վերջինս ջանքերի շնորհիվ հնարավոր լինի Բաքվի հետ հասնել երկխոսության: «Աշխատանքային բնույթն է այդպիսին եւ որքան հարկ լինի` կդիմենք, որպեսզի կարողանանք տեղեկություն ստանալ անձնակազմի վերաբերյալ: Գիտեք, մեզ համար առաջնահերթ է պարզել, թե ինչ է եղել ուղղաթիռի անձնակազմի հետ, եւ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պաշտոնապես կրկին դիմել է ԿԽՄԿ-ին որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն այդ հարցում»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ խնդիրը ոչ թե ԿԽՄԿ-ի վատ աշխատանքն է, այլ այն, որ Բաքուն անընդհատ ապակառուցողական է իրեն պահում եւ անգամ մարդասիրական հարցերում ֆաշիստական դիրքորոշումներ հայտնում` որոշ դեպքերում թույլ չտալով հումանիտար օգնություն տրամադրել, ինչպես նաեւ պարզել օդաչուների ճակատագիրը:

Ըստ Բաբայանի, Բաքվի ապակառուցողական քաղաքականության եւս մեկ դրսեւորումն էլ այն է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորը ուղղաթիռի խոցելը հայտարարել է «լավ հնարավորություն», որպեսզի հնարավոր լինի նրանց փոխանակել դիվերսիոն գործունեության համար ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների հետ:

 «Սա Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսեւորումն է: Նախ, իրենք որտեղից գիտեն անձնակազմը մահացած է, թե ոչ: Երկրորդ, ուղղաթիռը չեզոք գոտում է: Բացի այդ, նրանք ռազմագերիներ են, նրանց կարգավիճակն այլ է եւ ըստ միջազգային իրավունքի, նրանց պետք է վերադարձնել, այլ ոչ թե փոխանակել հանցագործության համար ձերբակալված դիվերսանտների հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին, Բաբայանն ասաց, որ շարունակում են աշխատել բոլոր կառույցների հետ որպեսզի միջադեպի մանրամասները պարզվեն: «ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մի քանի անգամ հաստատել է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, ուղղաթիռի խոցման վայրում դիտարկում կատարելու եւ հետաքննություն իրականացնելու համար: Ինչպես հայկական կողմը այնպես էլ միջազգային կառույցները ցանկանում են, որպեսզի միջադեպի բոլոր մանրամասները պարզվեն, միակ խնդիրն Ադրբեջանն է, եւ այժմ էլ ընթանում են բանակցություններ` հասկանալու, թե ինչ կարող ենք անել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am