Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

«Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդ» մրցույթը միավորել է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ ձեռներեցներին


ԳՅՈՒՄՐԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում  առաջին անգամ անցկացվող InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումի շրջանակներում համատեղ ծրագրեր կներկայացնեն  հայ և թուրք երիտասարդները: «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդ» մրցույթի շրջանակներում Գյումրիում հայ և թուրք երիտասարդ ձեռներեցները  կփորձեն մշակել համատեղ գաղափարներ, իսկ վաղն այդ գաղափարները կներկայացվեն ժյուրիին: Ծրագիրն իրականացնում  են Հայաստանից  «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը, իսկ թուրքական կողմից՝ Tepav հիմնադրամը: Նախաձեռնությունն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հանրային լրագրության ակումբ  հասարակական կազմակերպության ղեկավար  Սեդա Մուրադյանը «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդ» մրցույթի մասնակիցներին հնարավորություն է տրված միմյանց հետ կիսվել բիզնես-գաղափարներով, միավորվել նույն գաղափարի շուրջ ու մշակել այդ գաղափարները զարգացնելու մեթոդներն ու քայլերը: Ի դեպ, գաղափարների իրականացումը հնարավոր է նոր տեխնոլգիաների կիրառմամբ:

Քննարկման արդյունքում ընտրվել է   լավագույն 10 գաղափար, որոնց շուրջ էլ ձևավորվել են  թիմերը: «Նման ձևաչափով անցկացվող միջոցառումն առաջինն է՝ Հայաստանում նմանատիպ ծրագիր դեռ չի եղել: Ընդհանրապես առաջին անգամ է, որ երկու երկների  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները միմյանց հետ շփվում են այդպիսի ձևաչափի շրջանակներում»,-նշեց Սեդա Մուրադյանը՝ ավելացնելով, որ ծրագրին մասնակցելու համար Թուրքիայից հրավիրված է 30 մասնակից և՛ որպես ձեռներեց, և՛ որպես ժյուրիի անդամ:

Հայ և թուրք երիտասարդ ձեռներեցների համատեղ թիմերը իրենց գաղափարները ժյուրիին կներկայացնեն նոյեմբերի 9-ին: Այս ընթացքում նախագծի հատուկ հյուրերը իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ՝ ներկայացնելով ներդրումները սթարթափերում, ապրանքատեսակի գովազդում, գաղափարների խթանում և այլ հարցեր:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ