Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Գագիկ Գալստյանն ընտրվել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի պաշտոնում


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հոկտեմբերի 31-ի նիստում սահմանված կարգով` փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն համալսարանի ռեկտոր է ընտրվել Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՃՇՀԱՀ մամուլի ծառայությունից, շնորհավորելով նորընտիր ռեկտորին` Երևանի քաղաքապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը վստահեցրել է. «Մենք համալսարանի կողքին ենք և միշտ պատրաստ ենք աջակցել զարգացման ծրագրերին»:

Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է նաև համալսարանի զարգացման հայեցակարգը, որը հավանության է արժանացել: Առաջարկվել է հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա 5 տարվա համար: «Իհարկե, վստահությունը պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ բարձր պրոֆեսիոնալ անձնակազմի դեպքում, ինչպիսին որ ունի մեր համալսարանը, կարելի է նախաձեռնել համարձակ ծրագրեր, խնդիրներ բարձրացնել և դրանք իրականացնել ու լուծել: Ես էլ ձեզ հետ միասին կքայլեմ առաջ»,-ասել է նորընտիր ռեկտորը` շնորհակալություն հայտնելով ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամներից, այլև համալսարնի ողջ կոլեկտիվից` այս ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության և թիմային աշխատանքի համար: Գագիկ Գալստյանն ընդգծել է մինչ այս համալսարանի զարգացմանն ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաև տարիներ շարունակ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի զգալի աջակցությունը համալսարանի կրթագիտական պրակտիկ աշխատանքներին:

Գագիկ Շաղաբեգի Գալստյան

Ծնվել է 1952 թվականի  փետրվարի 8-ին,  ք.  Երևանում: 1980թ. ավարտել է  Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Աարդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը և ստացել ինժիներ շինարարի որակավորում: 1993թ.-ից  «Հորիզոն 95» շինարարական ընկերության հիմնադիրն է: 2001թ.-ից  «Արխմոնսրոյ շինարարական ընկերության հիմնադիրն է: 2005թ.-ից Հայաստանի շինարարների միության նախագահն է: 2009թ.-ից «Հորիզոն թրեյդ» շինարարական ընկերության հիմնադիրն է: 2012թ.-ին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական     աստիճան: 2014թ.-ին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` շինարարության մասնագիտությամբ: 2014թ.-ի մայիսից «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: Հեղինակ է շուրջ 41 գիտական և 2 ուսումնամեթոդական աշխատանքների :

Գագիկ Գալստյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր 2014թ. մարտի 24-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը բարձրացվել է 20%-ով, բարեկարգվել է համալսարանի պուրակը, ներդրվել է ոռոգման կաթիլային համակարգ, տեղադրվել են նստարաններ: Վերանորոգվել են համալսարանի միջանցքները, լսարանները և ՃՇՀԱՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ