Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վերանորոգման համար Արցախը դիմում է բարերարներին


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի նախագծումն արդեն ավարտվել է: Ճարտարապետ Արթուր Մեսչյանի ղեկավարությամբ նախագիծն էսքիզային վիճակում է: ԼՂՀ իշխանություններն արդեն ներկայացրել են իրենց նկատառումները նախագծի առնչությամբ եւ շուտով կսկսվի բանակցությունների երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը շեշտում է, որ կառույցի վերանորոգման աշխատանքները կավարտվեն ամենայն հավանականությամբ երեք տարվա ընթացքում: Ճարտարապետի առջեւ դրված է լուրջ առաջադրանք. մեկ կառույցում համադրել, թեʹ Դրամատիկական թատրոնը, թեʹ Օպերան:

«Օպերան եւ թատրոնը կգործեն մեկ շենքում: Ստեփանակերտի նման փոքր քաղաքում իրատեսական չէ, որ լինեն թեʹ օպերային, թեʹ դրամատիկական թատրոնների առանձին շենքեր: Կառույցը պետք է լինի ունիվերսալ, եւ այս առումով անհրաժեշտ է հիմնավոր աշխատանք»,- ասաց ԼՂՀ մշակույթի նախարարը:

Ամենայն հավանականությամբ, կառույցի նորոգման աշխատանքները կավարտվեն երեք տարում: Այժմ կառավարությունը զբաղված է միջոցների ներգրավմամբ: Նախնական հաշվարկով կառույցի վերանորոգման համար անհրաժեշտ է 6-7 միլիոն դոլար: Միայն պետական բյուջեով անհնար է նման հսկայածավալ ծրագրեր իրականացնել: Հենց այդ պատճառով էլ Արցախը դիմում է Հայաստանի եւ սփյուռքի բարերարներին` աջակցելու այս նախաձեռնությունում:

«Միջոցների ներգրավման հարցով զբաղված են հանրապետության Նախագահը, կառավարությունը: Ինչպես մյուս կառույցները կարողացանք դարձնել լավագույնը ոչ միայն Արցախում, այլեւ տարածաշրջանում, թատրոնի շենքն էլ պետք է նույն ճակատագիրն ունենա: Այս հարցում նույնպես անհրաժեշտ է բարերարների օգնությունը: Առանց նրանց աջակցության հնարավոր չէ հասնել հաջողության»,- ասաց Նարինե Աղաբալյանը:

83-ամյա կենսագրություն ունեցող Վահրամ Փափազյանի թատրոնը Ստեփանակերտի ամենագեղեցիկ կառույցներից մեկն է: Ասում են` պատերազմի ժամանակ, թշնամու գնդակները թատրոնի շենքը չեն վնասել: Հարակից տները արկերից փլվել են, սակայն թատրոնի շենքը մնացել է կանգուն: Ստեփանակերտի «գեղեցկուհին» այսօր անմխիթար վիճակում է հայտնվել. վերջին անգամ վերանորոգվել է 35 տարի առաջ: Նստարանների սպունգը մաշված է: Կոյուղին, ջրագծերը, էլեկտրագծերը լիովին փոխելու կարիք կա: Տանիքից կաթում է: Շենքը չի ջեռուցվում: Դերասանական կազմը վեց ամիս մատնված է հարկադիր պարապուրդի: Թատերական կյանքը Ստեփանակերտում սկսվում է մայիս ամսվանից և շարունակվում մինչեւ նոյեմբեր: Ձմռանը փորձասենյակները տաքացնում են փայտի վառարաններով, և դերասանները փորձեր են անում դողալով:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ