Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը որպես հանդուրժողական երկիր ներկայացնելը խեղաթյուրում է իրականությունը և պատմական անցյալը. Հայկ Թորոսյան

Ադրբեջանը որպես հանդուրժողական երկիր ներկայացնելը խեղաթյուրում է 
իրականությունը և պատմական անցյալը. Հայկ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական «Բաքու փոստ» թերթի կայքում 2014թ. մայիսի 17-ին հրապարակվեց միջազգային հարաբերությունների ոլորտի իսրայելցի փորձագետ Արիե Գուտի հարցազրույցը, որում նա պնդում է, թե Ադրբեջանը «մնում է աշխարհի ամենահանդուրժողական երկիրը և միջքաղաքակրթական  և միջկրոնական երկխոսության իսկական նմուշ է»:

Իսրայելցի փորձագետի տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և այն քաղաքականությանը, որ վարում են ադրբեջանական իշխանությունները ոչ միայն որոշ հարևան երկրների, այլև իրենց քաղաքացիների նկատմամբ: Այդ է վկայում «Ազադլիղ» ռադիոյին Բաքվում  ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մոռնինգստարի վերջերս տրված հարցազրույցը, որում նա իր դժգոհությունն է հայտնում երկրի իշխանությունների վարած քաղաքականությունից` «մարդու իրավունքների ոտնահարման, ժողովրդավարական ազատությունների, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ճնշման» առումով: ԱՄՆ-ի դեսպանը ադրբեջանական ղեկավարությանը քննադատության է ենթարկել դատավարությունների, բողոքարկման դա­տաքննությունների և լրագրողների վրա հարձակումների, և ոչ կառավարական կազմա­կեր­պութ­յունների վերստուգումների և դրանցում աշխատող մարդկանց նկատմամբ ճնշումների համար: Պարոն Մոռնինգստարը կոչ արեց «չփակել» քաղաքացիական հասարակության թթվա­ծինը, քանի որ նման քաղաքականությունը մեծացնում է «Մայդանի» կրկնության հավանակա­նութ­յունը եթե ոչ այժմ, ապա` 5 կամ 10 տարի հետո:

Ադրբեջանի հանդուրժողականության մասին պնդումների հերքման ևս մեկ օրինակ են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հաշվետվությունները: Ըստ «Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան միջազգային կազմակերպության, Ադրբեջանը անազատ երկիր է, որտեղ հակակառավարական հանրահավաքների մասնակցելու համար մարդիկ ենթարկվում են հալածանքների, իսկ լրագրողները անպատիժ կերպով ենթարկվում են հարձակումների և բանտարկությունների` թմրանյութերի առևտրի, էթնիկական ատելության, դավաճանության և խուլիգանության կեղծ մեղադրանքներով: Մեկ այլ հեղինակավոր` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաստատում է, որ Ադրբեջանը «բռնաճնշումների երկիր» է, որը «մամուլի ազատության ինդեքսում» 180 երկրներից զբաղեց­նում է 160-րդ տեղը, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մամուլի ազատության «գիշատիչ» է, որն իր երկրից վանել է ամբողջ բազմակարծությունը: Ոչ պակաս քան 10 լրագրողներ, ինչպես նաև մեծ թվով բլոգերներ բանտում են, իսկ լրագրող ու իրավապաշտպան Փարվիզ Հաշիմլին մայիսի 15-ին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման` «զենքի ապօրինի ստացման» և «վաճառ­քի» կեղծ մեղադրանքով: Կազմակերպության հայտարարության մեջ նաև խոսվում է Ադրբեջանի «Հայելի» անկախ թերթի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի մասին, որը 2014 թ. ապրիլի 18-ին ձերբակալվել էր Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով և բռնի Ադրբեջան էր տեղափոխվել Թուրքիայից, որտեղ նա ապրում էր վերջին երեք տարիներին: Այն բանից հետո, երբ Միրքադիրովի գործով քննչական խումբը խուզարկություն անցկացրեց նրա ծնողների տանը, լրագրողի հայրը` Հաբիբուլա Միրքադիրովը, որը 84 տարեկան էր, չդիմացավ որդու ձերբա­կալության ստրեսին ու իր մարդկային արժանապատվությունը նսեմացնող խուզար­կութ­յանը և հանկարծամահ եղավ:

Միրքադիրովի գործով ապրիլի 28–ին Հեյդար Ալիևի անվան Բաքվի օդանավակայանում ինքնա­թիռ նստելուց առաջ օդանավասանդուղքի մոտ կալանավորվեցին իրավապաշտպան Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը, թեև, Յունուս ամուսիններին մինչև օդանավակայան ուղեկցում էին Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դեսպանները: Կալանավորումը կատարվեց Բրուսելում ԵՄ-ի միջոցառմանը մասնակցելու նպատակով Յունուս ամուսինների արտասահման մեկնելու ժամանակ: Արիֆ Յունուսը, որի մայրը հայ էր, կալանավորման հետևանքով հայտնվեց նա­խաինֆակտային վիճակում, իսկ Յունուս ընտանիքի բնակարանում երկարատև խուզարկումը, ըստ You Tube-ում  Լեյլա Յունուսի տեղադրած հրապարակային տեսահայտարարությունների` ուղեկցվում էր իր վայրիությամբ քաղաքակիրթ հասարակություններում աննախադեպ երևույթով, երբ բնական կարիքները հոգացող տիկնոջ կողքին` ունիտազի մոտ, հերթապահում էին ոստիկաններ, ինչպես նաև ի պատասխան նրա բողոքներին Բաքվի ոստիկանության Յասամալի շրջանի վարչության պետի խոստումներով` «սպանելու հայուհիներին և խմելու նրանց արյունը»:

Ադրբեջանական պետության անհանդուրժողականության վկայություններն են ոչ միայն տվյալ միջադեպը, այլև հայերի նկատմամբ նրա վարած օտարատեցության քաղաքականությունը: Ադրբե­ջանական  ժողովրդի շրջանում հակահայկական տրամադրությունների բորբոքումը վեր­ջին ժամանակներում ստանում է ավելի ու ավելի անթաքույց մարդատեցական ձևեր: Ադրբե­ջա­նի ղեկավարությունն իր նպատակներին հասնելու համար իրականացնում է հակահայկական ձեռ­նար­կումների ֆինանսավորմամբ զուգակցվող արտասահմանյան մասնագետների զանգ­վա­ծային կաշառում և հայատեցական տրամադրությունների բորբոքման քաղաքականություն` աշ­խար­հի հայությանը հրապարակավ հայտարարելով Ադրբեջանի թշնամի և գովաբանելով ադրբեջանական պետությանը: Անհանդուրժողության և հայատեցության խորհրդանշական օրինակ է Ռամիլ Սաֆարովի հերոսականացման փաստը, մի մարդու, որը էթնիկական հողի վրա 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում գիշերը հատուկ դաժանությամբ կացնով գլխատել էր «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում ՆԱՏՕ-ի ծրագրով դասընթաց­նե­րում իր քնած հայ դասընկերոջը, և որին նախագահ Ալիևը պարգևատրել է այդ հրեշավոր սպանության համար, ինչը հարուցել է բազմաթիվ պետությունների ու միջազգային կազ­մա­կեր­պութ­յունների ղեկավարների վրդովմունքը և դատապարտվել նրանց կողմից: Մասնավորպես` ադրբեջանցի դահճի հերոսացման փաստը դատապարտել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իսկ Եվրախորհրդարանում  հատուկ բանաձև է ընդունվել, որով դատապարտվել է Ադրբե­ջանին Սաֆարովի հանձնման վերաբերյալ հունգարական իշխանությունների որոշումը, ինչպես նաև մարդասպանի հայրենիքում նրա ներումը և գովաբանումը:

Ադրբեջանի հասարակության անհանդուրժողականության մեկ այլ օրինակ է ամբոխի կողմից ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի հրկիզման փաստը: Մեկ այլ իրո­ղութ­յուն են զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները կոչ էին անում կտրելու իրենց այն հայրե­նակ­ցի ականջները, որը խիզախեց ճշմարտությունն ասել 1990 թ. Բաքվի փողոցներում ջարդա­րարների ծափահարությունների ներքո բենզինով շփված հայ երեխաների ու կանանց հրկիզման, բնակարաններն և ունեցվածքը հափշտակելու համար այդ ջարդարարների ձեռքով բարձրա­հարկ շենքերի վերին հարկերից տկար ծերունիների վայր նետման մասին:

Դժվար է հանդուրժողության արտահայտություն համարել նաև հակահայկական տրամադրութ­յուն­ների բորբոքման գործում հրեական սփյուռքի ձեռնածվական ներգրավման փորձերը 1918 թ. կոտորված հայերի գերեզմանները` որպես հայերի կողմից կոտորված հրեաների թաղումներ ներկայացնելու միջոցով: Մինչդեռ Ղուբայի բնակիչները, թուրքական աղբյուրների վկայութ­յամբ, դարձան Նուրի փաշայի Կովկասյան իսլամական բանակի 1918թ. ռազմարշավի զոհեր, մի ռազմարշավ, որին մասնակցեցին թուրքական զորքն ու կովկասյան թաթարների (ներկայումս` ադրբեջանցիների) զինված կազմավորումները, և որն ավարտվեց այն ժամանակ հիմնականում տարբեր դավանանքի ոչ թյուրքական ժողովուրդներով բնակեցված Ղուբայի գրավմամբ և դրան հաջորդած` Բաքվի հազարավոր հայերի կոտորածով:

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանի իշխանությունների անհանդուրժողական ու հայատյաց քաղա­քա­կանության արդյունք դարձած զանգվածային ջարդերի հետևանքով իր գոյությունը դադա­րեց­րեց 1990 թ. մոտ 300 հազ. հոգիանոց Բաքվի հայ համայնքը, որը խաղաղ կերպով գոյակցում էր քա­ղաքի մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների հետ և նշանակալի դեր էր ունեցել Ադրբեջանի տնտեսական և մշակութային կյանքում:

Ամփոփելով` հարկ է նշել, որ երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու քաղաքական ընդդիմության նկատմամբ Ադրբեջանի  իշխանությունների վարած  աճող հակաժողովրդավարական բռնաճնշու­մա­յին քաղաքականության, իր ծայրահեղ մարդատյաց դրսևո­րում­­ներով հանդերձ օտարատեցության ֆոնի վրա արտասահմանյան փորձագետների այնպիսի հոդվածների հրապարակումը, որոնցում գովաբանվում է Ադրբեջանի իշխանությունների հան­դուր­ժողականությունը, ոչ միայն նպաստում է երկրում ժողովրդավարության մակարդակի հե­տա­գա անկմանը, այլև խաթարում է միջազգային հանրության ջանքերն` ուղղված տարա­ծա­շրջա­նում խաղաղության և կայունության հաստատմանը:

Հայկ Թորոսյան 

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու, Օրեբրոյի համալսարանի  «գլոբալ ժուռնալիստիկայի» մագիստրոս, Շվեդիա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am