Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հուլիս

Հայ ֆիզիկոսները կմասնակցեն ուռուցքների ախտորոշման իզոտոպների արտադրությանը /լրացված/

Հայ ֆիզիկոսները կմասնակցեն ուռուցքների ախտորոշման իզոտոպների 
արտադրությանը /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ալիխանյանի անվ. Ազգային գիտական լաբորատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, ԱԱԳԼ-ԵրՖԻ) հիմնադրամը հնարավորինս լայն մասնակցություն է ունենալու ինստիտուտին հարակից տարածքում կառուցվող «Հայաստանի ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի» (ՀՈՒԳԿ) աշխատանքներին։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ԵրՖԻ-ի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Չիլինգարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ մինչև 2014 թ. վերջ գերազանցության կենտրոնում կմոնտաժվի բելգիական IBA Molecular ընկերության արտադրության, արդեն Հայաստանում գտնվող «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը. շինարարությունը հիմնականում ավարտվել է, ներկայում մոնտաժվում են հատուկ սարքավորումները, որոնք անհրաժեշտ են կենտրոնն աշխատեցնելու համար։ «ԵրՖԻ-ի աշխատակիցները հիմնականում ձեռնամուխ են լինելու իզոտոպների ստացման եղանակների ուսումնասիրման և արտադրման տեխնոլոգիայի զարգացմանը։ Ինչպես գործարանային տեխնոլոգիայով արտադրվող, այնպես էլ ԵրՖԻ-ի մասնագետների կողմից մշակված տեխնոլոգիայով ՀՈՒԳԿ-ում արտադրվելիք իզոտոպներն օգտագործվելու են այնտեղ շահագործվելիք PET (պոզիտրոնային ճառագայթային (էմիսիոն) տոմոգրաֆիայի) և Spect (միաֆոտոն էմիսիոնհամակարգչային տոմոգրաֆիայի) աշտորոշիչ սարքերի համար։ Հայաստանի երեք բուժհաստատություններում կիրառվող մեկական Spect տեսակի սարքերի համար օգտագործվում են արտասահմանից ներկրվող տեխնեցիում-98մ իզոտոպի գեներատորներ: ԵրՖԻ-ն արդեն մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում է այդ իզոտոպի ստացման եղանակները արագացուցչային մեթոդներով: Երեք տարի առաջ ԱԱԳԼ-ում ստեղծված Իզոտոպների ուսումնասիրության և արտադրության բաժինը ակտիվորեն զբաղվում է դրանով»,- ընդգծեց Չիլինգարյանը՝ հավելելով, որ տեխնեցիումի ստացման գիտափորձեր արդեն անցկացվել են ԱԱԳԼ-ի էլեկտրոնային արագացուցիչի վրա, և  լաբորատորիայի գիտնականները պատրաստվում են ցիկլոտորնի  վրա ստանալ տեխնեցիում՝ Spect ախտորոշիչ համակարգերի համար։

«Եթե հաջողվի ՀՈՒԳԿ-ում ապահովել PET-ի և Spect-ի համար տարբեր տեսակների իզոտոպների միաժամանակյա արտադրությունը, դա շատ հետաքրքրիր կլինի ոչ միայն բժշկական, այլև գիտական առումով, քանի որ աշխարհում այժմ պակասում են տեխնեցիում ստանալու հզորությունները»,- պարզաբանեց նա:

Գիտօջախի ղեկավարի տեղեկացմամբ՝  ՀՈՒԳԿ-ում հիմնվելիք «Ռադիոիզոտոպների արտադրական կենտրոն»-ի (ՌԱԿ) ցիկլոտրոնային արագացուցչի վրա, ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի հայտերի, 2015 թվականին պլանավորվում է կատարել 5 գիտափորձ, որտեղ ցիկլոտրոնի արագացրած պրոտոնային փնջերը կօգտագործվեն ոչ միայն ֆիզիկայի, այլև կենսաբանության, արդյունաբերական տեխնոլոգիաների հետազոտություններ կատարելու համար։

Պատասխանելով այն հարցին, թե ԱԱԳԼ-ն կադրային ինչ մասնակցություն է ունենալու ՀՈՒԳԿ-ի աշխատանքներին, Չիլինգարյանը մանրամասնեց, որ դրանց, ըստ ամենայնի, կներգրավվի լաբորատորիայի Իզոտոպերի ուսումնասիրության և արտադրության ամբողջ բաժինը՝ 20-25 գիտաշխատողով, որը վերջին տարիներին համալրվել է շատ երիտասարդներով։ Բացի այդ, գիտափորձերի նախապատրաստմանը, շուրջ 20 աշխատակիցների ներգրավմամբ, կմասնակցի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքը։

Մյուս կողմից, ըստ պրոֆեսոր Չիլինգարյանի, փորձարարական  ֆիզիկայի բաժանմունքն ունի նաև սեփական ծրագրերը. թեև դրա աշխատակիցները մշտապես մասնակցում են արտերկրի արագացուցիչներով կատարվող գիտափորձերին, նրանք ցանկանում են վերսկսել գիտափորձերը նաև ԵրՖԻ-ի «հիսունամյա» ԱՐՈՒՍ սինխրոտրոնային արագացուցչով՝ այն պարզեցված ռեժիմով շահագործելով։

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը 1942 թ. հիմնել են մեծանուն ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրները։ Այն հետագայում դարձավ Հայաստանի ամենահեղինակավոր գիտօջախներից մեկը, որը պահպանում է իր հեղինակությունը միջազգային ասպարեզում։

ՀՈՒԳԿ-ի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2012 թ-ի սեպտեմբերին։ Կենտրոնի ստեղծման՝ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների համատեղ ծրագիրը ներառում է երեք` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի, քիմիաթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծման փուլերը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]