Երևանյան բեսթսելեր 52. Վարկանիշային աղյուսակն այս շաբաթ երկու նոր գիրք ունի
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում այս շաբաթ ընդգրկվել է երկու նոր գիրք:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ գլխավորում է բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի` համաշխարհային բեսթսելեր դարձած «Ալքիմիկոսը» վեպը, որը շարունակում է հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:
Ամենաշատ վաճառված գրքերի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսիացի գրողԱնտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
Սրան հաջորդում է կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Չորրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: Արձակագիր Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուն («Անտարես» հրատարակչություն) ընդգրկվել է «Երևանյան բեսթսելերի» ցանկում: Երանյանի գրքում ներկայացված են մարդկային հետաքրքիր ճակատագրեր:
Երջանկահիշատակ գրող Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Այն երեք հրատարակություն է ունեցել: Լևոն Խեչոյանը, չվախենալով ֆինանսական և տեխնիկական սուղ վիճակից, երբ չկար ոչ գումար, ոչ էլ թուղթ, 1995թ. հրատարակեց իր ստեղծագործությունը: Վեպը վերահրատարակվեց 2002-ին, որին հաջորդեց երրորդ հրատարակությունը: Սա խոսում է այն մասին, որ Լևոն Խեչոյանի գրքերը գրախանութներում ամենափնտրվածներից են ու ամենահարցվածներից մեկը` գրադարաններում: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի մասին բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ են գրվել: Գիրքը հիմնված է 4-րդ դարի պատմական իրադարձությունների վրա, որոնք Խեչոյանը յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում: Գրողը պատմում է նաև նորագույն ժամանակների հայկական անկախ պետականության կայացման դժվարությունների մասին: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: Վեպի խոր ենթաշերտերի ընկալումը կօգնի պատկերացնել մերօրյա իրականության հասարակական-քաղաքական բազմաթիվ խնդիրներ ու, պատմության փորձն աչքի առաջ ունենալով, առավել հստակ պատկերացնել դրանց լուծման ուղիները:
Անգլիացի բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդը» գիրքը ևս բեսթսելերների ցանկում է: Բրոնտեի երկերից առավելապես հայտնի է հենց այս ստեղծագործությունը, թեև նա ունի այնպիսի առաջնակարգ բանաստեղծություններ, որոնց շնորհիվ դասվում է Բլեյքի, Շելլիի և Բայրոնի նման գրողների շարքը:
«Երևանյան բեսթսելերի» յոթերորդ հորիզոնականում ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» գիրքն է: Այն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ-ին և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Օնորե դը Բալզակի «Շագրենի կաշին»և «Երեսնամյա կինը» ստեղծագործություններն ամփոփող գիրքը:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ևս ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի`պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Գործակալության հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս անգամ եզրափակում է Օսկար Ուայլդի «ԴորիանԳրեյի դիմանկարը» գիրքը, որն առաջին անգամ է հայտնվում ցանկում: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպը: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թ-ին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +1 |
Պաուլո Կոելյո «Ալիքիմիկոսը» |
Բուկինիստ | 25 | |
2 | -1 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 20 | |
3 | 0 |
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուրպոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 17 | |
4 | նոր |
Հովհաննես Երանյան «Ողորմություն Ֆրոսյային» |
Անտարես | 15 | |
5 | * |
Լևոն Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» |
Անտարես | 14 | |
6 | 0 |
Էմիլի Բրոնտե «Մոլեգին հողմերի դարավանդը» |
Նաիրի-91 | 10 | |
7 | 0 |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 10 | |
8 | * |
Օնորե դը Բալզակ «Շագրենի կաշին»և «Երեսնամյա կինը» |
Նաիրի-91 | 8 | |
9 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 6 | |
10 | նոր |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում