1000х90.jpg (78 KB)

Երևանյան բեսթսելեր 52. Վարկանիշային աղյուսակն այս շաբաթ երկու նոր գիրք ունի

Armenpress 10:55, 24 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում այս շաբաթ ընդգրկվել է երկու նոր գիրք:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ գլխավորում է բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի` համաշխարհային բեսթսելեր դարձած «Ալքիմիկոսը» վեպը, որը շարունակում է հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:

Ամենաշատ վաճառված գրքերի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսիացի գրողԱնտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Սրան հաջորդում է կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Չորրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: Արձակագիր Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային»  պատմվածքների ժողովածուն («Անտարես» հրատարակչություն) ընդգրկվել է «Երևանյան բեսթսելերի» ցանկում: Երանյանի գրքում ներկայացված են մարդկային հետաքրքիր ճակատագրեր:

Երջանկահիշատակ գրող Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Այն երեք հրատարակություն է ունեցել: Լևոն Խեչոյանը, չվախենալով ֆինանսական և տեխնիկական սուղ վիճակից, երբ չկար ոչ գումար, ոչ էլ թուղթ, 1995թ. հրատարակեց իր ստեղծագործությունը: Վեպը վերահրատարակվեց 2002-ին, որին հաջորդեց երրորդ հրատարակությունը: Սա խոսում է այն մասին, որ Լևոն Խեչոյանի գրքերը գրախանութներում ամենափնտրվածներից են ու ամենահարցվածներից մեկը` գրադարաններում: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի մասին բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ են գրվել: Գիրքը հիմնված է 4-րդ դարի պատմական իրադարձությունների վրա, որոնք Խեչոյանը յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում: Գրողը պատմում է նաև նորագույն ժամանակների հայկական անկախ պետականության կայացման դժվարությունների մասին: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: Վեպի խոր ենթաշերտերի ընկալումը կօգնի պատկերացնել մերօրյա իրականության հասարակական-քաղաքական բազմաթիվ խնդիրներ ու, պատմության փորձն աչքի առաջ ունենալով, առավել հստակ պատկերացնել դրանց լուծման ուղիները:

Անգլիացի բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդը» գիրքը ևս բեսթսելերների ցանկում է: Բրոնտեի երկերից առավելապես հայտնի է հենց այս ստեղծագործությունը, թեև նա ունի այնպիսի առաջնակարգ բանաստեղծություններ, որոնց շնորհիվ դասվում է Բլեյքի, Շելլիի և Բայրոնի նման գրողների շարքը:

«Երևանյան բեսթսելերի» յոթերորդ հորիզոնականում ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» գիրքն է: Այն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ-ին և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Օնորե դը Բալզակի «Շագրենի կաշին»և «Երեսնամյա կինը» ստեղծագործություններն ամփոփող գիրքը:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ևս ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի`պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Գործակալության հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս անգամ եզրափակում է Օսկար Ուայլդի «ԴորիանԳրեյի դիմանկարը» գիրքը, որն առաջին անգամ է հայտնվում ցանկում: Ստեղծագործությունը  հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպը: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թ-ին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52),  «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +1

Պաուլո Կոելյո

«Ալիքիմիկոսը»

Բուկինիստ 25 2 -1

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 20 3 0

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Վերհիշելով իմ տխուրպոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 17 4 նոր

Հովհաննես Երանյան

«Ողորմություն Ֆրոսյային»

Անտարես 15 5 *

Լևոն Խեչոյան

«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»

Անտարես 14 6 0

Էմիլի Բրոնտե

«Մոլեգին հողմերի դարավանդը»

Նաիրի-91 10 7 0

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 10 8 *

Օնորե դը Բալզակ

«Շագրենի կաշին»և «Երեսնամյա կինը»

Նաիրի-91 8 9 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 6 10 նոր

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am