Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Մհեր Մկրտչյանի ասելիքն անսպառ է

Մհեր Մկրտչյանի ասելիքն անսպառ է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանին նվիրված «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի վերջնական` 53 րոպեանոց տարբերակը նոյեմբերի 14-ին ներկայացվեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում` «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում: ՀՀ ժուռնալիստների միության անդամներ Շուշանիկ Սահակյանի և Հովհաննես Պապիկյանի հեղինակած վավերագրական կինոնկարը արդեն հասցրել է մոնտաժվել շուրջ 12 անգամ: Երևանում այս ձևաչափով կինոնկարը ներկայացվում է առաջին անգամ:

«Ֆրունզիկ Մկրտչյանի մասին պետք է էլի նկարվեն ֆիլմեր, պատրաստվեն հաղորդումներ, գրվեն գրքեր: Մկրտչյան երևույթը անվերծանելի է ու խորը: Ինչքան էլ ֆիլմեր նկարահանենք և բացահայտումներ կատարենք, միևնույն է, Ֆրունզիկին պատշաճ կերպով չենք կարողանա ներկայացնել: Ձայնագրություններն ու արխիվային նյութերն ուսումնասիրելիս մենք հասկացանք, որ Մկրտչյանը դեռ շատ ասելիք ունի: Մենք պարզապես պարտավոր էինք նման ֆիլմ ստեղծել: Ֆիլմում չեն հնչում այլ մարդկանց կարծիքներ: Ֆրունզիկն ինքն իր մասին է խոսում: Ֆիլմը հասցրել ենք ցուցադրել Գյումրիում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը:

«Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը հակադրվում է մինչ այժմ եղած պատկերացումներին` ներկայանալով նորովի, որպես ուրիշ Ֆրունզիկ` իր մտածելակերպով, և, ամենակարևորը` դերակատարման յուրօրինակ մոտեցումներով:

Ֆիլմի համահեղինակներ Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը կինոնկարը նվիրել են սիրված դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակին: 53 րոպե տևողությամբ ֆիլմում հիմնականում Մկրտչյանն ինքն է իրեն ներկայացնում՝ ձայնագրությունների, խաղացած ներկայացումների և ֆիլմերի հատվածներով:  Ֆիլմում ներառված են հատվածներ «Հայֆիլմ»-ի, «Մոսֆիլմ»-ի և «Վրացֆիլմ»-ի կինոնկարներում դերասանի մարմնավորած կերպարներից: Մինչ կհասունանար ֆիլմի ստեղծման գաղափարը, հեղինակներն արդեն երկու գիրք էին հրատարակել Մհեր Մկրտչյանի մասին:

Ֆիլմի երաժշտական ձեւավորումը կատարել է Արզաս Ոսկանյանը, ֆիլմում որոշ հատվածներ կարդում է դերասան Անդրանիկ Հարությունյանը:

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում 2010 թ.-ի հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին: Հաշվի առնելով, որ լրանում է Մհեր Մկրտչյանի մահվան 10-րդ տարելիցը, «Գաֆէսճեան»-ում որոշեցին հարգանքի տուրք մատուցել վարպետի հիշատակին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ