Հայաստանում թմրամոլներն ամենաշատը կանեփ են օգտագործում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թմրամոլությունը Հայաստանում լայն տարածում ունեցող հիվանդություն է, որը տարածված է հիմնականում 29-48 տարեկանների խմբում: Հաշվառման մեջ է գտնվում նաև թմրամոլությամբ տառապող մեկ դեռահաս: Մեր երկրում ամենալայն սպառում ունեցող թմրամիջոցների առաջին հորիզոնականը գլխավորում են կանեփից պատրաստված երեք տեսակի թմրամիջոցները` մարիխուանան, հաշիշը և կանեփի յուղը: Երկրրոդ տեղում են ափիոնից պատրաստված քնաբեր թմրևամիջոցները, իսկ երրորդում` տնայնագործական եղանակով պատրաստվող` կոդեին պարունակող թմրամիջոցները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ոլորտում տիրող իրավիճակը, Հայաստանի Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը տեղեկացրեց, որ չնայած հիվանդության աճի ցուցանիշներին`տարածաշրջանի այլ երկրներ համեմատ Հայաստանում իրավիճակը բարվոք է:
«Եթե Հայաստանում մենք խոսում ենք մոտ 4000 հիվանդների մասին, ապա հարևան Վրաստանում մի քանի անգամ ավելի մեծ է թմրամոլությամբ տառապողների թիվը»,- վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգը:
Նրա խոսքով`բոլոր հիվանդների հետ զրույցի ժամանակ պարզ է դանում, որ բոլորն էլ առաջին անգամ սկսել են թմրամիջոցներ օգտագործել երիտասարդ տարիքում:
«Աճի պատճառը ամբողջ աշխարհում պայմանավորված է նրանով, որ մարդիկ թմրամիջոցներ են օգտագործում հաճույք ստանալու ակնկալիքով, սակայն շատ արագ ընկնում են կախվածության մեջ, ինչը նպաստում է զրկանքի համախտանիշի զարգացմանը: Այս առումով մեր երկիրը չի տարբերվում ամբողջ աշխարհից: Սա երիտասարդության շրջանում ընդունված «մշակույթ» է»,- պարզաբանեց Սեմերջյանը:
Նրա գնահատմամբ` սոցիալական պայմաններն էական նշանակություն չունեն և յուրաքանչյուր թմրամոլ իր եկամուտների չափից ելնելով է թմրամիջոց ընտրում:
Տարվա կտրվածքով` թմրամիջոցների հետևանքով մահվան մեկ կամ երկու դեպք է գրանցվում, մինչդեռ բազմաթվ են այն դեպքերը, երբ թմրանյութերի օգտագործումը նպաստում է այլ, օրինակ, սիրտանոթային հիվանդությունների զարգանալուն:
«Բուժումը հարյուր տոկոսանոց արդյունք է տալիս, հիվանդը ազատվում է կախվածությունից, թմրամիջոցներ օգտագոծելու անզուսպ պահանջից, բայց խնդիրն այն է, որ մեծ է հավանականությունը որ նա վերադառնալու է նույն միջավայր, նույն ընկերական շրջապատ, բակ»,- իր մտահոգությունը հայտնեց բժիշկը:
Նրա խոսքով` միայն ապրելակերպի փոփոխությունը կարող է բացառել թմրամիջոցներից լիարժեք կախվածությունը: Նա չհերքեց, որ թմրամիջոցների նոր տեսակների տարածման վրա ազդեցություն է թողնում նաև մեր երկրում արտագաղթի բարձր գործակիցը:
Թմրամոլությունը ֆիզիկական եւ հոգեկան կախվածություն է, երբ մարդն առանց թմրամիջոցի չի կարողանում իր ներքին ռեսուրսներով ապրել: Հայաստանում թմրամոլության բուժման կուրսը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար` պետպատվերի շրջանակում, իսկ մեր երկրի քաղաքացիներ չհանդիսացող անձանց համար բուժումն արժե 140 հազար դրամ, ինչը համարժեք է այն գնին, որը ծախսում է պետությունը յուրաքանչյուր հիվանդին բուժելու համար: Մեր երկրում թմրամոլության բուժումն իրականացվում է միայն տվյալ անձի համաձայնությամբ: 2012 թվականին թմրամոլությամբ տառապող հաշվառված անձանց թիվը Հայաստանում հասնում էր 3893-ի, մինչդեռ 2011-ին ցուցանիշը 2751 էր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում