Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լևոն Անանյանի հիշատակին Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել

Լևոն Անանյանի հիշատակին Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում 
հոգեհանգստի կարգ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ նվիրված մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոգեհանգստի կարգը մատուցվել է Տեր Հրայր քահանա Բեջանյանի ձեռամբ։ Պատարագին ներկա են եղել Տավուշի մարզի մշակույթի գործիչներ և մեծանուն գրողի համագյուղացիները։

Սեպտեմբերի 2-ին, կյանքի 67-րդ տարում անժամանակ վախճանվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի մտավորական և հասարակական գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ ու բանաստեղծ Լևոն Զաքարի Անանյանը։

Լ. Անանյանը ծնվել է 1946թ.-ի հոկտեմբերի 13-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971 թ.-ին` «Մանկավարժ» թերթից։

Լ. Անանյանի անունը սերտորեն կապվում է «Գարուն» ամսագրի հետ, որտեղ նա աշխատանքի է անցել 1975թ.-ին, իսկ 1990թ.-ից` գլխավորել հանդեսը։ «Գարուն»-ի էջերում նա հանդես է եկել բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներով, ակնարկներով, էսսեներով, որոնք գրավել են հասարակական լայն ուշադրություն։ Որպես հրապարակախոս նա արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակի (1983թ.)։

2001 թ.-ից Լ. Անանյանը ղեկավարում էր Հայաստանի գրողների միությունը։ Նա հատկապես մեծ դեր խաղաց երիտասարդ գրողների կայացման գործում։ Աշխուժացավ հրատարակչական գործունեությունը` ՀԳՄ հրատարակչություն և տպարան հիմնելու շնորհիվ։ Անմնացորդ ծառայելով գրական ընտանիքի հոգսերին ու խնդիրներին` Լ. Անանյանը զգալիորեն նպաստեց մշակութային կյանքի աշխուժացմանը։

Կազմակերպչական և հասարակական ծավալուն աշխատանքներին զուգահեռ` նա շարունակում էր ակտիվ ստեղծագործական կյանքը. տպագրել է հոդվածներ, կազմել «Գարուն» ամսագրի մատենագիտությունը, խմբագրել գրքեր, հրատարակել «Արմատ և սաղարթ», «Տագնապներ», «Դիմակայություն», «Ժամանակ և ոգի» էսսեների և հոդվածների ժողովածուները, «Հուշանվեր» և «Հավերժ պահմտոցի» բանաստեղծական հատորյակները։ Նրա գրչին է պատկանում նաև «Թատրոնը բեմում և էկրանին» աշխատությունը։

Բարձր է գնահատվել Լ. Անանյանի գործունեությունը. 2008թ.-ին նրան շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, արժանացել է ԼՂՀ պետական և ՀՀ գերատեսչական պարգևների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am