Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանն ու Արցախը մասնակցում են լուսանկարչական խոշոր մրցույթին`«Վիքին սիրում է հուշարձաններ 2013»-ին

Հայաստանն ու Արցախը մասնակցում են լուսանկարչական խոշոր 
մրցույթին`«Վիքին սիրում է հուշարձաններ 2013»-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է աշխարհի 50 երկրներում անցկացվող «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» միջազգային լուսանկարչական մրցույթը, որին առաջին անգամ մասնակցում են նաև Հայաստանն ու Արցախը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունից: Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ։ Կարելի է մասնակցել ինչպես սեպտեմբերի ընթացքում արված լուսանկարներով, այնպես էլ նախկինում արված լուսանկարներով։ Մասնակիցները սեպտեմբերին լուսանկարներ կբեռնեն Վիքիպահեստ՝ Վիքիմեդիա նախագծերի պատկերների և տեսաձայնային նյութերի շտեմարան (http://commons.wikimedia.org/)։ Վիքիպահեստի շուրջ 18 միլիոն մեդիաֆայլերը ազատ արտոնագրով են, այսինքն՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի դրանք ազատորեն օգտագործել, տարածել և ձևափոխել թե՛ Վիքիպեդիայում, թե՛ ցանկացած այլ տեղ, այդ թվում համացանցից դուրս, օրինակ դասագրքերում, տպագիր հանրագիտարաններում, գրքերում, ֆիլմերում, ԶԼՄ-ներում, համակարգչային ծրագրերում և այլն։

Աշխարհում միլիոնավոր հուշարձաններ կան, սակայն դրանց միայն փոքր մասի լուսանկարներն են հասանելի ազատ արտոնագրով։ Մրցույթի կազմակերպիչների և մասնակիցների ցանկությունն այդ բացը լրացնելն է։ Մրցույթի նախապատրաստման ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում են տեղադրվել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում «պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի» կարգավիճակ ունեցող շուրջ 25.000 հուշարձանի ցանկերը։ Մրցույթի մասնակիցներն այդ ցուցակների օգնությամբ կարող են իմանալ, թե ինչ հուշարձաններ կան իրենց շրջապատում, գտնել դրանք և լուսանկարել։

Մասնակիցներին աջակցելու և խրախուսելու համար սեպտեմբերին «ֆոտոզբոսանքներ» են նախատեսվում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Շուշիում:

Մրցույթի տեղական հաղթողներին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին։ Լավագույն լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսի։ Բացի այդ, առաջին տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ։

Լավագույն 10 լուսանկարները անցնելու են միջազգային փուլ։ Միջազգային ժյուրին կընտրի բոլոր երկրների լավագույն 10 լուսանկարները։ Այստեղ ևս կլինեն մրցանակներ և ցուցահանդեսներ։

«Վիքին սիրում է հուշարձաններ 2013» լուսանկարչական մրցույթն արդեն երկրորդ անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես երկրագնդի ամենախոշոր լուսանկարչական մրցույթ։ Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350.000-ը։ Այս տարի սպասվում է, որ այդ թիվը էլի ավելի կաճի։

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմկերպությունը ստեղծվել է 2013 թվականին։ Այն նպատակ ունի աջակցել և խթանել Վիքիմեդիա նախագծերի զարգացումը Հայաստանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am