Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Վիրահայոց թեմի հիմնական խնդիրը պատմական տաճարների վերադարձն ու հոգեւոր այրերի սակավությունն է. Միրզախանյան


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդը թեմի առաջնային խնդիրեներից է համարում հայկական պատմական տաճարների վերադարձի և հոգևոր այրերի սակավության հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Վրաստանի հայ համայնքի «Միություն» տեղեկատվական կենտրոնը զրուցել է Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հետ հայ համայնքի, վրացահայ հոգևոր թեմի և վրաց եկեղեցու հետ վերջինիս հարաբերությունների մասին:

Վիրահայոց թեմի առաջնորդը նշել է, որ իր առաջնորդության տասը տարիների ընթացքում նորոգվել են գործող տաճարները և եկեղեցական կառույցները` հատկապես կարևորելով  իրավաբանական գրանցում ստանալու հարցը: Շատ աշխատանքներ են տարվել մարդկանց հետ` իրենց կազմակերպած միջոցառումներով, լրատվությամբ և ակտիվ ներկայությամբ փոխելով վրացի պաշտոնյաների և առհասարակ հասարակության վերաբերմունքը հայության և հայկական եկեղեցու նկատամամբ: «Այս տարի Սուրբ Ծննդյան և Վարդատոնին ներկա է եղել վարչապետը, իսկ մեկ տարի առաջ Սուրբ Ծննդյան պատարագին պատվել է նախագահը, Զատկական պատարագին եկել են քաղաքապետը և նախարարներ, պատգամավորներ, մեր քույր եկեղեցիների  առաջնորդներ: Այս ամենը վկայում են, որ փոխվում է մարդկանց վերաբերմունքը հայության հանդեպ»,- նշել է նա:

Այնուամենայնիվ, դեռևս շատ անելիքներ կան: Երեքից հինգ գյուղի թեմը չի կարողանում քահանա տրամադրել, որը «կարողանա հոգևոր կյանքով ապրեցնել ժողովրդին»: Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն առանձնացրել է նաև այն հիմնական մարտահրավերները, որ կանգնած վիրահայություն առջև: «Վիրահայության հիմնական մարտահրավերը, ինչպես մայր հայրենիքում, արտագաղթն է, երկրորդը խառն ամուսնությունների միջոցով ձուլման վտանգն է, ինչպես նաև ժողովրդի կրթվածության և դպրոցների ցածր մակարդակը և մշակութային կյանքի գրեթե բացակայությունը: Սրանք լուրջ մարտահրավերներ են: Դրանց կողքին կարող ենք դասել սոցիալական խնդիրը, որ մանավանդ գյուղական համայնքներում խիստ արդիական է»,- նշել է նա:

Անդրադառնալով «վիճելի» եկեղեցիների  վերականգնման հարցին` հովվապետը նշել է, որ այլևս ոչ մեկի` անգամ պետական  բարձր պաշտոնյաների համար Նորաշենը կամ Սուրբ Նշանը վիճելի չեն համարվում: Այժմ քննարկման օրակարգում է եկեղեցիների փոխանակման հարցը: «Մեր մոտեցումը հետևյալն է ՝ պետք է առանձնացնել Հայաստանի Քաղկեդոնիկ եկեղեցիների խնդիրը  Վրաստանի հայկական եկեղեցիների հարցից: Մեր հայրերը հազարավոր տարիներ ապրել են այստեղ և արարել, ուստի մենք պահանջում ենք մեր համայնքի ստեղծած կառույցները: Հայաստանում կամ որև է մի երկրում գտնվող քաղկեդոնիկ վրացական եկեղեցիների հարցը պետք է վրաց եկեղեցին և պետությունը լուծեն: Սա առանձին հարց է, որ վերաբերում է մի կողմից վրաց պատրիարքարանին և կառավարությանը, մյուս կողմից` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Հայաստանի Հանրապետությանը: Սա հստակ է և որ կարևոր է, մեր մոտեցումը կիսում է վրաց  հասարակության հիմնական մասը»,- մեկնաբանել է նա: 

Վրացահայերի մեծ հատվածն ապրում է գյուղերում: Վրաստանում հայկական գյուղերի թիվը մոտ 130 է: Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմն ունի 16 հոգևորականներ, գործող 46 եկեղեցիներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ