Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ավելի գրավիչ է դառնում առևտրի համաշխարհային դերակատարների համար. A.T. Kearney

Հայաստանն ավելի գրավիչ է դառնում առևտրի համաշխարհային 
դերակատարների համար. A.T. Kearney

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային մանրածախ առևտրի զարգացման ինդեքսով Հայաստանը 10-րդ տեղն է զբաղեցում A.T. Kearney խորհրդատվական ընկերության ամենամյա վարկանիշային աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`աղյուսակում ներկայացվում են մանրածախ առևտրի ոլորտում ներդրումներ կատարելու համար ամենահեռանկարային երկրները։ 

A.T. Kearney խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ամենամյա Global Retail Development Index 2013 վարկանիշային աղյուսակը: Աղյուսակում ներառված են մանրածախ առևտրի ոլորտում ներդրումներ կատարելու համար ամենահեռանկարային երկրները։ Վարկանիշային աղյուսակի առաջին տասը հորիզոնականում են Բրազիլիան, Չիլին, Ուրուգվայը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Թուրքիան, Մոնղոլիան, Վրաստանը, Քուվեյթը և Հայաստանը: Ռուսաստանը 23-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` 29-րդ:

Ըստ ընկերության` Հայաստանում աճող եկամուտները և  բարելավված կենսամակարդակը հող են նախապատրաստել մանրածախ առևտրի աճի համար: Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ողջունում է օտարերկրյա ներդրումները, իսկ համաշխարհային ցուցանիշերը Հայաստանը դասում են գործարարություն ծավալելու համար նպաստավոր երկրների շարքում:
«Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Եվրոպային տնտեսական «նորեկները», ինչպիսիք են Թուրքիայի և Ռուսաստանի շուկաները, բարելավել են իրենց դիրքերը, իսկ փոքր «ադամանդները», ինչպիսին է նաև Հայաստանը, ավելի գրավիչ են դառնում համաշխարհային դերակատարների համար»,- նշվում է A.T. Kearney-ի պաշտոնական կայքում:
Որպես առևտրի աճի մարտահրավերներ առանձնացվում են երկրի փոքր բնակչությունը (մոտ 3 մլն), Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով աշխարհագրական մեկուսացվածությունը, համեմատաբար ցածր տարեկան ՀՆԱ-ն, ինչպես նաև թե պաշտոնական, թե առեւտրային ոլորտներում կոռուպցիայի առկայությունը:
Հայաստանի մանրածախ առեւտրի ոլորտում գերակշռում են տեղական դերակատարները, իսկ կազմակերպված մանրածախ առևտուրն ընդգրկում է ընդհանուր վաճառքի միայն 10-12 տոկոսը:
«Օտարերկրյա ներդրողները զարգացման զգալի տեղ ունեն, իսկ սուպերմարկետների և մթերային խանութների ցանցերն աստիճանաբար փոխարինում են բացօթյա շուկաները և փողոցներում առևտրով զբաղվողներին»,- նկատում է կայքը:
2012-ին Հայաստանում գերթե կրկնապատկվել է պարենային խանութների թիվը, իսկ այս տարի դրանք նպատակադրվել են  ընդլայնվել փոքր ձևաչափերով: Սուպերմարկետների հատվածն աճել և ավելի համախմբված է դարձել վերջին տարիներին: Տեղական Star սուպերմարկետների ցանցը ձեռք է բերել Fresh ցանցը, իսկ «Երեւան Սիթի» սուպերմակերտների ցանցն ընդլայնվել է դեպի ծայրամասեր և այժմ տիրապետում է Հայաստանում կատարվող մանրածախ վաճառքի զգալի մասին: Ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցը նախատեսում է մինչև 2013 թվականի վերջ մուտք գործել հայաստանյան շուկա, սակայն մինչ այդ միջազգային առևտրային ընկերությունները փոքր ներկայություն կունենան շուկայում:

«Դալմա Մոլլը, որը բացվեց 2012-ին, առաջին արեւմտյան ոճի մոլն է Հայաստանում, որտեղ ներկայացված են 24 միջազգային բրենդներ: Եւս 20 նոր բրենդներ այստեղ կներկայացվեն», եզրափակվում է Հայաստանին վերաբերող հատվածը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am