Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հետահայաց». Հետաքրքիր բացահայտումներ Հովհաննես Թումանյանի 60-ամյա թանգարանի մասին

«Հետահայաց». Հետաքրքիր բացահայտումներ Հովհաննես Թումանյանի 60-ամյա 
թանգարանի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է սիրված եւ ճանաչված գրող Հովհաննես Թումանյանի թանգարանի բացմանը: Թեմային անդրադառնալու օրը պատահական չի ընտրված, մի քանի օրից թանգարանը կնշի բացման 60-ամյա հոբելյանը: 1953 թվականի ապրիլի 5-ին «Սովետական Հայաստան»-ն ուրախությամբ արձանագրել է այդ կարեւոր եւ հետաքրքիր իրադարձությունը: 

1953 թվականի ապրիլի 5-ին բացվեց Հովհաննես Թումանյանի թանգարանը…

Թանգարանն այն եզակի վայրերից էր դառնալու, որտեղ հայ ժողովուրդը կարող էր լինել սիրելի պոետի տանը, շփվել նրա արվեստի հետ, ընկալել նրա կենսական էներգիան:

1949 թվականին` բանաստեղծի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, նրա հիշատակը հավերժացնելու, գրական ու նյութական ժառանգությունը պահպանելու նպատակով, Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովի ղեկավարությամբ, որոշում էր ընդունվել Երեւանում թանգարան կառուցելու մասին: Թանգարանի առաջին մասնաշենքի նախագծի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետ (1950-1959թթ) Գրիգոր Աղաբաբյանն էր:

Նա դեռ 1944 թվականին Թիֆլիսում չափագրել էր Թումանյանի տունը, էսքիզներ արել, որոնց հիման վրա էլ շենքի երկրորդ հարկում նույն հատակագծով կառուցվել է բնակարանի կրկնօրինակը: Կազմակերպվել է բանաստեղծի թիֆլիսյան բնակարանի գույքի, անձնական գրադարանի, փաստաթղթերի տեղափոխման աշխատանքները, եւ լիովին վերամանգնվել է բանաստեղծի` թիֆլիսյան բնակարանի ներքին հարդարանքը Երեւանում: Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1953 թվականի ապրիլի 5-ին, թանգարանի տնօրենը դարձավ բանաստեղծի ավագ դուստրը` Աշխենը, ով շարունակեց այդ գործն իրականացնել մինչեւ 1966 թվականը; Նրանից հետո շուրջ 23 տարի թանգարանը տնօրինել է բանաստեղծի կրտսեր դուստրը` Թամարը, ում ջանքերով էլ կառուցվել է թանգարանի երկրորդ մասնաշենքը (Ճարտարապետ Արա Աղաբաբյան):  

Փողոցի ճիշտ առանցքով պետք է կառուցվեր շենքը. Թումանյանն իր հստակ տեղը պետք է ունենար այս քաղաքում:

Թանգարանի հիմնադրման 60-ամյակին նվիրված գրքույկ կա հրատարակված, որտեղ ներկայացված են ժամանակակիցների եւ նրանց ժառանգների հուշերը թանգարանի ստեղծման պատմությունից: Գրքում ներկայացված է նաեւ թանգարանի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի աշակերտ, ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի հիշողությունները, որոնք մոտավոր պատկերացում են տալիս, թե ինչ ոգեւորությամբ եւ դժվարություններով է ընթացել թանգարանի կառուցումը: «Այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը որոշակի պլան էր դրել, որ փողոցի ճիշտ առանցքով պետք է կառուցվի շենքը. Թումանյանն իր հստակ տեղն այս քաղաքում պետք է ունենար: Նախկին Ալավերդյան թողոցը պետք է վերանվանվեր Թումանյան եւ ուղիղ, ուղղաձիգ փողոցը պիտի վերջանար Թումանյանի վեհաշուք թանգարանով: Աղաբաբյանը գեղեցիկ լուծում է տվել` երկկողմանի աստիճաններով, սլացիկ կամարներով շենքը կարծես փուլված է փողոցի հետ: Սկզբում Աղաբաբյանը ցանկություն ուներ շենքը կառուցել ոչ տուֆոֆ, կարծես ուզում էր այն առանձնացնել, շեշտել քաղաքի ընդհանուր վարդագույն ֆոնի վրա, բայց ի վերջո արվեց, այն, ինչ որ արվել է: Եվ այն ժամանակների համար դա եղավ մի հրաշալի կառույց»,- պատմելէ  Ջիմ Թորոսյանը: 

Իսկ ահա ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գոհար Գրիգորյանն էլ փոխանցել է, որ 1949 թվականին սկսվել է շինարարությունը: Օգտագործվել է Արթիկի սրբատաշ տուֆ, որը գնացքով տեղափոխել են Երեւանի կայարան եւ ինքնաթափերով բերել շինհրապարակ:

Թեեւ մեղմ անձրեւ էր մաղում, չեք պատկերացնի, թե որքան մարդ էր եկել, ասեղ գցելու տեղ չկար. Թանգարանի առաջին էքսկուրսավար

Թանգարանի առաջին էքսկուրսավար Վարսիկ Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը թանգարան է գնացել 1952 թվականին Ռուբեն Զարյանի ուղեկցությամբ: «Այդ տունը ես հաճույքով եմ հիշում, որովհետեւ այն կարծես մի մեծ հայկական ընտանիք լիներ` իր ավանդույթներով, իր ջերմությամբ, ուր նաեւ իշխում էր արիստոկրատիզմն ու բարեկրթությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով` սկզբում շատ հաստիքներ չկային` ընդամենը չորսը: «Մեկը տնօրենն էր` Աշխեն Թումանյանը, մյուսը գիտաշխատոսն էր` Արփիկ Ավետիսյանը, երրորդը ես էի` էքսկուրսավարը, իսկ չորրորդը հավաքարարն էր` տիկին Երանուհին»,- ասաց նա:

Վարսիկ Գրիգորյանն այսօր էլ լավ է հիշում թանգարանի բացման օրը: «Թեեւ մեղմ անձրեւ էր մաղում, չեք պատկերացնի, թե որքան մարդ էր եկել` ամբողջ աստիճաններին, Թումանյան փողոցում վերից վար ասեղ գցելու տեղ չկար: Ինձ թվաց ամբողջ Հայաստանն այդ օրը հավաքվել էր այդտեղ: Այն աստիճանի, որ Իսահակյանն իր տնից չէր կարողանում տեղ հասնել, միլիցիոներներն էին գնացել, մարդկանց բազմությունը ճեղքել ու նրան մի կերպ հասցրել թանգարան: Այցելուները անսահման շատ էին` սկսած առաջին օրվանից եւ միշտ: Հազիվ էինք հասցնում էքսկուրսիաներ վարել»,- ուրախությամբ եւ ոգեւորությամբ պատմեց նա:

 

Աշխեն Թումանյանը պատմել է, որ տանիքի թիթեղը հենց սկզբից վատն է եղել, պատշգամբն ունեցել է թեքություն, իսկ դռներն ու պատուհանները լավ չեն փակվել:

Թումանյանի դուստր Աշխեն Թումանյանն ուշագրավ գրառումներ է թողել թանգարանի գործունեության ընթացքի մասին: Նա պատմում է, որ թանգարանի էքսպոնատների ձեւավորումը, կահավորումը նմանվի Մոսկվայի թանգարաններին: Սակայն դժբախտաբար իրեն չի հաջողվել նախքան բացումը գնալ Մոսկվա: Թեեւ շենքի բացումն արդեն իրականություն էր, այնուամենայնիվ, խնդիրներից խուսափել չի հաջողվել: Աշխեն Թումանյանը պատմել է, որ տանիքի թիթեղը հենց սկզբից վատն է եղել, պատշգամբն ունեցել է թեքություն, իսկ դռներն ու պատուհանները լավ չեն փակվել: Ինչպես շատերն են գրել տպավորությունների գրքում` «Ահավոր ցուրտ էր»:

Այդ խնդիրները լուծվել են տարիների ընթացքում:

1953 թվականին հաճախորդների թիվը կազմել է 46 հազար, իսկ 1954 թվին` 48 հազար: 2012 թվականին թվաքանակը կազմել է շուրջ 40 հազար:

Ամենամեծ առանձնահատկությունը Թումանյանն ինքն է. Նարինե Թուխիկյան

Թանգարանն արդեն 60 տարի է ինչ գործում է: Այս ժամանակաշրջանում այցելուների հետաքրքրությունը ոչ միայն չի մարել, այլեւ ավելացել է եւ շարունակում է աճել: Նարինե Թուխիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր կարծօքով դրա պատճառը հենց Թումանյանն է` բացառիկություն, ով անկրկնելի է եւ անփոխարինելի: «60-ամյա թանգարանի խնդիրը եւ պարտավորությունը ճանապարհը դեպի թանգարան շատ ավելի գրավիչ դարձնելն է: Թումանյանն այն համաշախարհային կերպարներից է, որ արժի իրեն ճանաչել»,- նշեց տնօրենը:

Թանգարանի հետ կապված երազանքները շատ են, սակայն իրականանալի: «Այն ինչ մտածում եմ կամ երազում անհնար չէ: Ինչ ուզում եմ, իրականանալի է մի քիչ կամքի դեպքում` ոչ միայն մեր, այլեւ ուրիշների կողմից: Ամեն մի հայ պետք է իր լուման ունենա Թումանյանի համար` դա կլինի հրատարակչական գործում աջակցություն, վերանորոգման առումով կամ ուղղակի մեկ տոմս գնելով: Բացի այդ մեր նպատակն այն է, որ մեկենասներն իրենք հերթ կանգնեն օգնելու համար: Վստահ եմ, որ այն մարդիկ ովքեր կարողություն ունեն, կգան եւ կառաջարկեն իրենց օգնությունը»,- լավատեսորեն նշեց Նարինե Թուխիկյանը:

Գիրքը գրի առնելիս գեղեցիկ զգացում ունեի` կարծես ես էլ էի այնտեղ. Թանգարանի պատմությունը ներկայացնող գրքի կազմող

Ինչպես վերեւում նշեցինք, Թանգարանի հիմնադրման 60-ամյակին նվիրված գրքույկ կա հրատարակված, որտեղ ներկայացված են ժամանակակիցների եւ նրանց ժառանգների հուշերը թանգարանի ստեղծման պատմությունից: Գրքի ստեղծման նախաձեռնությունը թանգարանինն է եղել. այն կազմել է թանգարանի գիտաշխատող Անահիտ Նալբանդյանը: Նրա տեղեկցմամբ` Հասմիկ Կարապետյան անունով մի կին այն մարդկանց խոսքն է ձայնագրել, ովքեր ներկա են եղել բացման արարողությանը, աշխատել, կապ են ունեցել թանգարանի ստեղծման ժամանկահատվածում այստեղ ապրող եւ աշխատող մարդկանց հետ: «Ձայնագրությունները վերծանել եմ ինքս` հիմնականում առանց որեւէ խմբագրման աշխատանքի, աննշան փոփոխություններով; Ցանկացել ենք, որ ներկայացվի կենդանի խոսքը»,- ասաց նա` հավելելով, որ գրքում ամենայն մանրամասնությամբ դրվել են փաստաթղթեր, որոշումներ, որոնք վկայում են թանգարանի ստեղծման մասին:

Իր գրի առած հուշերից դժվարանում է առանձնացնել որեւէ մեկը, քանի որ յուրաքանչյուրի հուշն էլ , պատմությունն էլ առանձնահատուկ ջերմություն էր իր մեջ պարունակում: «Միայն մի գեղեցիկ զգացում ունեի` կարծես ես էլ էի այնտեղ, ներկա, կարծես ես էլ էի ներկա այդ ամենին»,- ասաց գիտաշխատողը:

Նրա կարծիքով եւս թանգարանի գլխավոր առանձնահատկությունը Թումանյանի մեծությունն է, նա ժամանակ չի ճանաչում:

 

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի եւ թանգարանի արխիվից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am