Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Կիլիկյան» վարժարանն արդարացրել է սիրիահայերի սպասելիքները

«Կիլիկյան» վարժարանն արդարացրել է սիրիահայերի սպասելիքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սիրիահայ երեխաների համար հիմնված «Կիլիկյան» վարժարանն արդարացնում է սիրիահայերի սպասելիքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում վարժարանի տնօրեն Նորա Փիլիպպոսյանը, ով եղել է Հալեպում «Կիլիկյան»  վարժարանի ուսուցչուհի, դպրոցը Հայաստանում վերաբացելը լավ գաղափար համարեց: «Այս հարցով շատ աշխատանք տարանք և արեցինք ամեն ինչ, որ հիմնվի այս դպրոցը: Մեզ ֆինանսավորեցին «Կիլիկյան» բարեսիրական ընկերությունը և Հնչակյան կուսակցությունը: Աջակցություն ցուցաբերեցին նաև ՀՀ սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունները և Երևանի քաղաքապետարանը»,-ընդգծեց Փիլիպպոսյանը: Դպրոցում դասապրոցեսն ընթանում է սիրիական ծրագրով: Դասավանդվող առարկաների թվում են` արաբերենը, անգլերենը, ֆրանսերենը, արևմտահայերենը: «Դպրոցն անհրաժեշտություն էր սիրահայ այն աշակերտների համար, ովքեր Հալեպում արդեն սովորում էին հայկական դպրոցներում և նույն ծրագրով կրթություն ստանալու կարիքն զգում էին նաև Հայաստանում»,-ասում է վարժարանի տնօրենը: 

«Կիլիկյան» վարժարանում աշխատում են Սիրիայից եկած փորձառու մասնագետներ, ովքեր ընդունվել են նախօրոք ներկայացրած դիմումների համաձայն: Տնօրենը վստահեցնում է, որ ընտրվել են լավագույնները: «Ի վերջո, սերունդ ենք դաստիարակում, ուստի ընտրեցինք փորձառու ուսուցիչների: Փառք Աստծո, ամեն ինչ լավ ստացվեց»,-ուրախությամբ նշեց Փիլիպպոսյանը:

Վարժարանում սովորում է 1-9-րդ դասարանի շուրջ 300 աշակերտ, իսկ 9-րդ դասարանից բարձր սովորող աշակերտները ուսումը շարունակում են երևանյան դպրոցներում:

Նորա Փիլիպպոսյանը վստահ չէ, որ մշտական բնակություն կհաստատի Երևանում: Կարծում է, որ Սիրիայում ամեն ինչ կարգավորվելուց հետո կվերադառնա Հալեպ, քանի որ այնտեղ է իրենց տունը, աշխատանքը, այնտեղ են հարազատները: «Ի վերջո այնտեղ է մեր ծննդավայրը, մեր երկար տարիների կուտակած աշխատանքը, Հալեպում անցել է մեր մանկությունը և կյանքի մեծ մասը»,-ցավով նշում է նա:

Սիրիահայ ծնողները ևս գոհ են դպրոցից: Նրանք ուրախությամբ են ընդունել դպրոցի վերաբացման լուրը: «Իմ աղջիկը սովորում է «Կիլիկյան» վարժարանում: Ընտրեցինք այդ դպրոցը, որպեսզի ավելի հեշտ լինի նրա համար, մենք էլ կկարողանանք օգնել, իսկ հայկական դպրոցում սովորելը բարդ կլիներ, քանի որ այնտեղ արևելահայերեն են անցնում, մենք տիրապետում ենք արևմտահայերենին»,-ասաց Նաիրի Բաղդասարյանը:

Անդրանիկ Կանաջյանն ու Պողոս Սարգսյանն իրենց երեխաների կրթության համար ընտրել են հայկական դպրոցները, քանի որ որոշել են մշտապես բնակվել Երևանում:  

Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող «Կիլիկյան»  վարժարանի ուսուցչուհի, իսկ այժմ Երևանի նույնանուն վարժարանի տնօրեն Նորա Փիլիպպոսյանն ամռանը զբոսաշրջիկի կարգավիճակով Հայաստան գալուց հետո որոշեց մնալ և բնակություն հաստատել Երևանում: Սիրիահայ կինն աստիճանաբար հարմարվում են նոր կյանքին ու միջավայրին: «Անխոս, սկզբում շատ դժվար էր, հետո երբ ընտանիքս միացավ ինձ, ամեն ինչ աստիճանաբար հեշտացավ»,-ասաց Նորա Փիլիպպոսյանը:

Սիրիայում պատերազմական գործողություններով պայմանավորված Հայաստանում հաստատվել է շուրջ 6500 սիրիահայ, որոնց մեծ մասը ապահովված են բնակարաններով: Հատուկ սիրիահայ երեխաների համար դպրոց է բացվել: Հայրենիքում ապաստանած մեծ թվով սիրիահայեր այս ընթացքում ապահովվել են աշխատանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am