Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հետահայաց». Թե ինչպես էր Հայաստանն ընտրում Նախագահ

«Հետահայաց». Թե ինչպես էր Հայաստանն ընտրում Նախագահ

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում անցկացված Նախագահական բոլոր ընտրություններին: Անկախ Հայաստանում նախագահ ընտրել են 6 անգամ` 1991, 1996, 1998 (2 փուլով), 2003 (2 փուլով), 2008 եւ 2013 թվականներին:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններ` ինչ եւ ինչպես  

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, այլ պետության քաղաքացիություն չունեցող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։ Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո՝ տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ։ Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։

Հայաստանն առաջին անգամ ընտրում է նախագահ. 1991 թվականի հոկտեմբերի 16

1991 թվականին անցկացված ընտրություններն ուշագրավ էին ոչ միայն առաջինը լինելու առումով, այլև նրանով, որ դրանք հաջորդում էին սեպտեմբերին 21-ին անցկացված Անկախության հանրաքվեին: Հասարակության մեջ ոգեւորությունը մեծ էր: ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ-ի հունիսի 25-ի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին: ՀՀ առաջին նախագահ դառնալու համար պայքարող թեկնածուներն էին` Զորի Բալայանը (անկուսակցական), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Ռաֆայել Ղազարյանը (անկուսակցական), Աշոտ Նավասարդյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Սոս Սարգսյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն) եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը (Հայոց համազգային շարժում):

Նախագահի թեկնածուները` կլոր սեղանի շուրջ: Ֆոտո: Արմենպրես

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ և վարչապետ Խոսրով Հարությունյանը, Հայաստանի նման անցումային երկրում նախագահի ինստիտուտին էր վիճակված անդրադառնալու քաղաքական և տնտեսական համակարգերի պատմականորեն անհրաժեշտ փոփոխությանը:

Հայաստանը ընտրում է Նախագահ: Ֆոտո Արմենպրես

«Մենք կանգնած էինք ինստիտուցիոնալ լուրջ, արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության առջեւ, իսկ դրանց համար պետք է լինեին ընդգծված լիդերներ, եւ հանրությունը տանեին իրենց հետեւից: Պատահաբար չէր, որ 1991 թ-ին եղել են ամենատպավորիչ ընտրությունները մեր պատմության մեջ», - նշեց Խոսրով Հարությունյանը: Ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարավ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանը քվեախցիկից դուրս գալիս: Ֆոտո` Արմենպրես 

Հարությունյանը նշում է, որ իշխանությունը քիչ դասեր քաղեց ընտրություններից, «81 տոկոսանոց վստահության քվեն դիտարկվեց ոչ թե որպես պարտավորություն եւ պատասխանատվություն, այլ որպես լիազորություն, իրավունք: Արդյունքում այդ լուրջ քաղաքական կապիտալն անհրաժեշտ հոգատարությամբ եւ մտահոգությամբ հանրությանը ծառայեցնելու ընկալումներով չօգտագործվեց, հանրությունը օտարված մնաց քաղաքական գործընթացներից: Եվ բնական էր, որ երկու տարի հետո` 1993 թ-ին հանրությունը պահանջում էր թե վարչապետի եւ թե նախագահի հրաժարականը»,- ասաց նա` հավելելով, որ արդյունքում` 1996 թ-ի ընտրություններին մոտեցանք երկփեղկված հասարակությամբ:

Քվեաթերթիկներ: Ֆոտո Արմենպրես

Նախագահի 2-րդ ընտրություներ. 1996 թվականի սեպտեմբերի 22

ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ-ի հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996թ. մայիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով:

Ֆոտո Արմենպրես

Նախագահական 2-րդ ընտրությունների քվեաթերթիկում արդեն 4 թեկնածու կար` Սերգեյ Բադալյան (Կոմկուս), Վազգեն Մանուկյան (ԱԺՄ, ընդդիմության միասնական թեկնածու), Աշոտ Մանուչարյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Ընտրություններից հետո ընդդիմությունը չընդունեց դրանց արդյունքները, տեղի ունեցան անկարգություններ, սրվեց քաղաքական իրավիճակը: Խոսրով Հարությունյանի կարծիքով`  1996 թվականի քաղաքական լարվածության պատճառը պայմանավորված էին նախորդած խորհրդարանական ընտրություններով, երբ պարզվեց, որ խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայությունը չի համապատասխանում իրական կյանքում նրանց քաղաքական կշիռներին: «Ադյունքում կար խորը անբավարարություն խորհրդարանական ընտրություններով, որն իր արտահայտությունը գտավ նախագահականի ժամանակ»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյանը նշեց, որ շատերն այդ ժամանակ գտնում էին, որ Տեր-Պետրոսյանը չէր հաղթել, մյուսները կարծում էին, որ հաղթել էր, բայց փոքր տարբերությամբ (ընդամենը մի քանի տոկոս): Այդ լարվածության պայմաններում խոսել աներկբա հաղթանակի մասին, անհնար էր: Հայաստանը կորցրեց Հարավային Կովկասում ժողովրդավարության կղզյակի դերակաատրումը եւ դիմագիծը, որը ձեռք էր բերել 1991թ.:

 Նախագահի երրորդ ընտրություններ.` արտահերթ 1998 թվականի մարտի 16

ՀՀ Նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 1998թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարական ներկայացնելու եւ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հրաժարականն ընդունելու հետ կապված: Համաձայն ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի, ընտրություններն անցկացվեցին հրաժարականի ընդունման օրվան հաջորդող 40-րդ օրը` 1998թ. մարտի 16-ին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ իր կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը հնարավոր չէ, ուստի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ Նախագահի պաշտոնակատարն էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը:

Արմենպրեսը լուսաբանել է ՀՀ նախագահական բոլոր ընտրությունները: Պատկերը: Արմենպրես
Կարեն Դեմիրճյանը քվեարկում է թոռնուհու հետ: Ֆոտո Արմենպրես

 

Նախագահի թեկնածու Դավիթ Շահնազարյանը:Ֆոտո Արմենպրես

Առաջադրվեցին հետեւյալ թեկնածուները` Լենսեր Աղալովյանը (անկուսակցական), Սերգեյ Բադալյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), Աշոտ Բլեյանը (Նոր ուղի կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն), Կարեն Դեմիրճյանը (անկուսակցական), Հրանտ Խաչատրյանը (Սահմանադրական իրավունք միություն կուսակցություն), Վիգեն Խաչատրյանը (Ռամկավար ազատական կուսակցություն), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն), Յուրի Մկրտչյանը (անկուսակցական), Դավիթ Շահնազարյանը (անկուսակցական), Արամ Սարգսյանը (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցական):

Ընտրություններից առաջ թեկնածու Լենսեր Աղալովյանը հայտնեց ինքնաբացարկ: Այսպիսով, գրանցվեց եւ քվեարկվեց 12 թեկնածու: Այնուամենայնիվ, ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չստացավ վավեր ձայների կեսից ավելին: Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, քվեարկության օրվան հաջորդող 14-րդ օրը` մարտի 30-ին, անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլ:

 

Ռոբերտ և Բելլա Քոչարյանները: Ֆոտո Արմենպրես

Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը եւ Կարեն Դեմիրճյանը: Երկրորդ փուլի արդյունքներով ՀՀ Նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

Խոսրով Հարությունյանի կարծիքով` 1998 թ-ի նախագական ընտրություններն անցած ղարաբաղյան կոնֆլիկտի փաթեթային լուծման տրամաբանության մեջ: Այդ էլ արտահերթ ընտրությունների անցկացման ողջ կոնտեքստում էր: «Եվ քանի որ մինչ նախագահ դառնալը, Քոչարյանը մեկ տարի վարչապետ էր, շատերի մոտ արթնացրեց լուրջ փոփոխություններ անելու որոշում»,- ասաց նա:

Հաջորդը 2003 թվականի փետրվարի 19-ին էր

ՀՀ Նախագահի 4-րդ ընտրություններին պայքարելու համար առաջադրվեցին հետեւյալ թեկնածուները`  Ռուբեն Ավագյանը (Միավորված հայեր կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն), Վլադիմիր Դարբինյան (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), Ստեփան Դեմիրճյանը (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), Արամ Կարապետյանը (անկուսակցական), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Արամ Հարությունյանը (Ազգային համաձայնություն կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյանը (Ժառանգություն), Պետրոս Մակեյանը (Ժողովրդավարական հայրենիք կուսակցություն), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարաան միություն), Գառնիկ Մարգարյանը (Հայրենիք ու պատիվ միություն), Արշակ Սադոյանը (Ազգային ժողովրդավարների դաշինք), Արամ Սարգսյանը (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն), Արամ Սարգսյանը (Հանրապետություն կուսակցություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցություն):

Արմենպրեսի թղթակցությունները:

Առաջադրվածներից Րաֆֆի Հովհաննիսյանը չգրանցվեց վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու պատճառաբանությամբ: Այսպիսով, գրանցվեց եւ քվեարկվեց 9 թեկնածու:

Ռոբերտ Քոչարյան: Ֆոտո Արմենպրես

Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներով թեկնածուներից եւ ոչ մեկը չստացավ վավեր ձայների կեսից ավելին: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Նախագահ վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

 Ստեփան Դեմիրճյան: Ֆոտո Արմենպրես

ՀՀ նախագահի 5-րդ ընտրություններ. 2008 թվականի փետրվարի 19 

ՀՀ Նախագահի 5-րդ ընտրություններին առաջադրվեցին հետեւյալ թեկնածուները` Արթուր Բաղդասարյան (Օրինաց երկիր), Արտաշես Գեղամյան (Ազգային միաբանություն կուսակցություն), Տիգրան Կարապետյան (Ժողովրդական կուսակցություն), Արամ Հարությունյան (Ազգային համաձայնություն կուսակցություն), Վահան Հովհաննիսյան (Հայ հեղափոխական դաշնակցություն), Վազգեն Մանուկյան (Ազգային ժողովրդավարական միություն), Արման Մելիքյան (անկուսակցական), Սերժ Սարգսյան (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Լեւոն Տեր-Պետրոսյան (անկուսակցական` ինքնառաջադրման կարգով): ՀՀ Նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը քվեարկում է: Ֆոտո Արմենպրես

 

Լևոն Տեր- Պետրոսյանը` քվեարկության պահին: Ֆոտո Արմենպրես

 

Ձայների հաշվարկ: Ֆոտո Արմենպրես

ՀՀ նախագահի 6-րդ ընտրություններ. 2013 թվականի փետրվարի 18:

Համաձայն ՀՀ ընտրողների ազգային գրանցամատյանը վարող ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների, 2013թ. փետրվարի 16-ի դրությամբ ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2.505.980 ընտրող: Այս անգամ նախագահ դառնալու համար կպայքարեն Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը: Արամ Հարությունյանն ինքնաբացարկ է հայտարարել:

Քվեարկությունը սկսված է: Ֆոտո Արմենպրես

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]