Թուրք պաշտոնյան հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մոլորեցնող հայտարարություն է արել
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան շարունակում է հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միջազգային հանրությանը մոլորեցնող հայտարարություններով: Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը Լոնդոնում անցկացված` «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորհրդաժողովում ունեցած ելույթում թուրք-հայկական հարաբերությունների կարգավորված չլինելը բարդել է հայկական կողմի վրա: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորը հայտարարել է, թե «Հայաստանը պատրաստ չէ լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, նրա խոսքով` Թուրքիան, իբր, «շատ քայլերի է դիմում` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»: Որպես դրա օրինակ` նա նշել է Հայոց ցեղասպանության խնդիրը քննարկելու վերաբերյալ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Անկարայի առաջարկը, որին «հայկական կողմը դրական չարձագանքեց»:
«Եթե Հայաստանն ասի, որ պատրաստ է լավ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, ապա դա մեզ համար խնդիր չի լինի», -ասել է Վոլքան Բոզքիրը:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան «մոռացել» է, որ Անկարայի` այսպես կոչված «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու մասին վեց տարի առաջ արված առաջարկին պաշտոնական Երեւանը պատախանել է, որ անհրաժեշտ է ստեղծել ոչ թե Հայոց ցեղասպանությունը քննարկելու, այլ Ցեղասպանության հետեւանքները վերացնելու մասին հարցեր քննարկելու միջպետական հանձնաժողով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում