Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

«Հայ բարերարների ճեմուղի»-ն հանդիսավորապես բացվեց Օղակաձեւ այգում


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայ բարերարների ճեմուղի»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Երեւանի Օղակաձեւ զբոսայգի` Միքայել Նալբանդյանի արձանին հարող տարածքում: Հայ մեծ բարերարներ՝ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակողոթների և բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող մեկ հուշակոթողի տեղադրումն  իրականացվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ողջույնի խոսքում խիստ կարևորեց այս ձեռնարկը: «Հայ մեծ բարերարների ճեմուղու բացումը խիստ կարևոր ազգային ձեռնարկ է, քանզի այն այսօր տուն է վերադարձրել հայտնի հայորդիներին: Այս ձեռնարկը հայրենասիրական է նաև, քանզի  նպաստեց հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը: Մենք հպարտացել և հպարտանալու ենք մեր մեծ բարերարներով եւ իրենց կատարած աշխատանքով»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Հուշակոթողի հեղինակ, ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը նշեց, որ այն ստեղծել է իր պատկերացրածի պես. «Իսկ նրանց, ում դուր չի գա կոթողը, թող ներեն ինձ»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուղերձը հղեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը. «Այս ճեմուղին կօգնի հաղորդակից լինելու մեր մեծ բարերարներին: Բարերարների հանդեպ սիրո, հարգանքի ձգտումը պետք է միշտ վառ մնա ազգի հոգում»,- ասաց Ժամկոչյանը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը մեծ հուզմունքով իր շնորհակալությունը հայտնեց նախաձեռնության հեղինակներին`  ընդգծելով, որ իր ղեկավարած կառույցի համար առաջնայինը միշտ եղել և շարունակում է մնալ հայրենիքը և նրա բարօրությունը:
Հայ մեծ բարերարների ճեմուղու ժապավենը կտրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը և Գալուստ Գյուլբենկյան և Ալեք Մանուկյան դպրոցների աշակերտները: Ճեմուղու բացումը ուղեկցվեց ազգային երաժշտական կատարումներով:
ՀԲԸՄ-ն հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ: 1930 թ. Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը: ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձելհատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ