Ամերիկահայերը կմեծարեն եւ «Ազատության մրցանակ» կշնորհեն Քերոլայն Քոքսին
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախումբը կպատվի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` նրան շնորհելով իր ամենաբարձր պարգեւը` «Ազատության մրցանակ»-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly-ն, մեծարման երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախմբի 6-րդ ամենամյա հավաքի ժամանակ: «Մենք հպարտ ենք մեծարելու եւ պատվելու բարոնուհի Քերոլայն Քոքսին` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդին հանդեպ տասնյակ տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար»,-նշել է ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ջորջ Աղջայանը:
Հանձնախմբի «Ազատության մրցանակ»-ը տրվում է այն անհատին, ով մեծ ներդրումներ է ունեցել` Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ամերիկահայությանն առնչվող կարեւորագույն հարցերի վեր հանման գործում:
«Հայաստանի ոգին, որը ոչ միայն գոյատեւել է, այլ նաեւ ավերակների փոշուց ստեղծել եւ կերտել է գեղեցկություն, հույս է սփռում եւ օգնում է ոչ միայն Ղարաբաղում եւ Հայաստանում, այլ նաեւ այս տարածքների սահմաններից դուրս գտնվող կարիքավոր մարդկանց»,-նշել է Քոքսը:
Բարոնուհին Հայաստան եւ Արցախ է այցելել 75 անգամ: Այցելություններից շատերը եղել են Արցախյան պատերազմի տարիներին: Քոքսը ներկայում համագործակցում է Ստեփանակերտում հիմնված HART (Humanitarian Aid Relief Trust) շահույթ չհետապնդող կազմակերպության հետ: Կառույցը բոլոր տարիքի անձանց տրամադրում է վերականգնողական ծառայություններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում