Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Ասադը կօգտագործի թշնամի Թուրքիայից վրեժխնդիր լինելու առիթը


ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային քաղաքականության կարեւորագույն հարցերից, որտեղ դիվանագիտական պատերազմը  ռազմական գործողությունների հետ մեկտեղ կարեւոր նշանակություն ունի: ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի ձախողումը եւ վերջինիս հրաժարականը բացասական ազդեցություն թողեցին Սիրիայում օրեցօր խորացող ճգնաժամի վրա: Ինչպես հայտնի է, Անանի հրաժարականը կապված էր միջազգային հանրության կողմից աջակցություն չստանալու հետ:

Քոֆի Անանն ավելի պարզ հայտարարել է, որ սիրիական ազգը վճռական միջոցներ ձեռնարկելու կարիք ունի, մինչդեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շարունակում է զբաղվել մեղադրանքներ ներկայացնելով` ավելացնելով, որ նման պայմաններում ոչ ոք ի վիճակի չէ ստիպել Սիրիայի կառավարությանը եւ ընդդիմությանը բանակցություններ սկսել:
Այսպիսով` արյունալի բախումները Սիրիայի կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ հետզհետե սկսեցին ավելի սրվել, սկզբում Դամասկոսում եւ նրա արվարձաններում, ապա դրանք ավելի բուռն կերպով շարունակվեցին Հալեպում եւ նրա շրջակա տարածքներում: 
Ընդդիմադիրները հայտարարել էին, որ շրջապատել են Դամասկոսը եւ պատրաստվում են լուրջ հարձակում գործելով` գրավել մայրաքաղաքը: Թեպետ Ասադի զորքերին հաջողվեց մեծ հարվածներ հասցնել ընդդիմադիրներին, այնուամենայնիվ, նրանց եւս հաջողվեց իրականացնել խոշոր ահաբեկչություն Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, որի հետեւանքով զոհվեց Պաշտպանության նախարարը եւ  մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Խոշոր ահաբեկչությունը, որը եւս մեկ անգամ ցնցեց Սիրիան, իհարկե, խուճապի չմատնեց երկրի ղեկավարությանը: Ընդհակառակն, Ասադը նոր Պաշտպանության նախարար նշանակելուց հետո լայնածավալ գործողություններ սկսեց ահաբեկիչների դեմ Սիրիայի ողջ տարածքով: Ահաբեկիչներին հետապնդելու արդյունքում զինված ուժերը Սիրիայի տարբեր տարածքներում` Դամասկոսի արվարձաններում, Հալեպում, Հոմսում եւ Համայում, ոչնչացրին ահաբեկչական խմբավորումներ, ձերբակալեցին նրանց եւ պայթեցրին մեքենաները, զենքերն ու տեխնիկան:
Արյունալի բախումներն ավելի բուռն կերպով սկսվեցին Հալեպի` մուսուլմաններով բնակեցված թաղամասերում, որոնք, ի սկզբանե, Ասադի իշխանության դեմ էին:
Բախումները բավական մոտեցել էին քրիստոնեական եւ հայկական թաղամասերին: Հալեպահայերին խորհուրդ էին տվել դուրս չգալ բնակարաններից եւ հեռու մնալ լուսամուտներից ու բաց տարածքներից:
Սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ օգոստոսրի 6-ին Հալեպում շարունակվող բախումների հետեւանքով երկու հայ է զոհվել, եւս մեկը վիրավորվել է: Նրա խոսքով` Դամասկոսում եւ նրա շրջակա տարածքներում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Թեպետ իշխանական ուժերը մեծ վնասներ հասցրեցին ընդդիմադիրներին, այնուամենայնիվ, Բաշար ալ Ասադին եւս մեծ անակնկալ մատուցվեց: Ամենադժվարին պահին վերջերս նշանակված երկրի վարչապետ Հիջաբ Ռիյադը փախավ երկրից: Լրատվամիջոցները սկսեցին իրարամերժ տեղեկություններ տարածել, որ նրա փախուստը երկար ժամանակ ծրագրված էր սիրիական ընդդիմության կողմից, որ նա Հորդանանում է: Մինչդեռ Հորդանանը հերքեց այդ լուրը: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ նա ուղեւորվում է Քաթարի մայրաքաղաք: Հիջաբի մամլո քարտուղարը հայտնեց, որ նա գտնվում է հարեւան արաբական երկրներից մեկում, սակայն կոնկրետ չի ցանկանում նշել իր գտնվելու վայրը:
Թե ինչու վարչապետը նման քայլի դիմեց կամ ինչպես փոխեց իր դիրքորոշումը, դեռեւս մնում է անհայտ: Կարելի է ենթադրել, որ միգուցե նա ենթարկվել է շանտաժի կամ ստիպված է եղել նման քայլի դիմել տարբեր պատճառներով... Այնուամենայնիվ վարչապետի փախուստը ավելի զգոն կդարձնի Ասադին անվտանգությունը խստացնելու հարցում:
Այս հարվածից հետո եւս Սիրիայում խառնաշփոթ չառաջացավ, ղեկավար մարմինները հայտարարեցին, որ Սիրիան ուժեղ երկիր է եւ պատրաստ է հաղթահարել խոչընդոտները:
Սիրիան վերջերս հայտարարել է, որ արդեն բացվել են բոլոր խաղաքարտերը եւ ակնհայտ երեւում են Սիրիայի թշնամիները, որոնք կանգնած են տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների հետեւում: Այդ երկրների թվում են առաջին հերթին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ  մեծ դեր են կատարում Թուրքիան, Քաթարը եւ Սաուդյան Արաբիան:
Ահաբեկիչների` Սիրիա ներխուժումը հիմնականում տեղի է ունենում Թուրքիայի տարածքից: Նախկինում թուրք-սիրիական բարեկամական հարաբերություններն այժմ վերածվել են բացահայտ թշնամության: Եթե Թուրքիան նախկինում Սիրիայի հետ միասին պայքարում էր քրդերի դեմ, այժմ այսօր Սիրիայի առաջնային թշնամիներից մեկն է: 
Նա նույնիսկ բացել է իր օդանավակայանները եւ սահամանները Ալ Կաիդայի եւ իսլամիստ ծայրահեղականների համար: Սակայն Թուրքիան հաշվի չի առել մի հանգամանք, որ ծայրահեղականներ կան նաեւ իր երկրում եւ կարող են փոխել երկրի կայուն իրավիճակը: Անհավանական չէ, որ Թուրքիայում կայուն վիճակը կարող է կարճ տեւել հենց քրդերի պատճառով: Չի բացառվում, որ այդ ամենից ռազմական գործողություններ կարող են սկսվել Թուրքիայում:
Սիրիայում ստեղծված իրավիճակից կարող են օգտվել քրդերը, իսկ Ասադը նրանց կօգնի:
Պատահական չէ, որ նախագահ Ասադը գրագետ քայլի է դիմել` հյուսիս-արեւմտյան տարածքներից հանելով իր զորքերը եւ այդպիսով փոքր-ինչ հսկողություն փոխանցելով քրդերին: Եվ այժմ, բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ, քրդերին հրարավորություն է տրվել պաշտպանել այդ տարածքները:
Հավելենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթներ առաջ ասել էր, որ իր երկիրը կարող է հարվածներ հասցնել Սիրիայում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներին:
Վերլուծությունը` Տաթեւիկ Հարությունյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ