Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Հայաստան սիրիահայերի զանգվածային ներգաղթի մասին վաղ է խոսել. Հրանուշ Հակոբյան

Հայաստան սիրիահայերի զանգվածային ներգաղթի մասին վաղ է խոսել. 
Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան սիրիահայերի զանգվածային ներգաղթի մասին դեռ վաղ է խոսել. հայրենիքում ապրելու խնդրանքով ՀՀ սփյուռքի նախարարություն ընդամենը չորս ընտանիք է դիմել, ովքեր էլ ապահովվել են համապատասխան կացարաններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներգաղթի մասին այս պահին տեղեկություններ չկան, որովհետեւ մեր հայրենակիցները չեն ուզում ներգաղթի խնդիր դնել, այլ պարզապես ցանկանում են երեխաների կրթության հարցերը լուծել: «Ես ամեն օր կապի մեջ եմ Սիրիայի մեր հայրենակիցների հետ ինչպես մեր դիվանագիտական ներկայացուցչության, այնպես էլ հայկական հոգեւոր թեմերի միջոցով: Հայերն այնտեղ, իսկապես, մտահոգ են»,- ասաց նախարարը:

 Սիրիայից Հայաստան եկած բոլոր սիրիահայերը լինում են նախարարությունում, որտեղ ստեղծված է համապատասխան աշխատանքային խումբ: Սիրիահայերը հիմնականում կրթության հարցեր են բարձրացնում: Հրանուշ Հակոբյանի խոսքով` շատերն այստեղ են ամառային արձակուրդներն անցկացնելու նպատակով, բայց ուզում են նաեւ, որ երեխաները սովորեն հայկական դպրոցներում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Մենք դիմել ենք Կրթության եւ գիտության նախարարությանը, որպեսզի բոլոր առաջացած խնդիրները լուծում ստանան»,- ասաց նա: Մյուս խնդիրը Սիրիայում ՀՀ անձնագրերը ստանալն է. Հայաստանի Հանրապետության նախագահը հանձնարարել է, որ օրենսդրորեն կարգավորվի այս հարցը: «Մեր նախարարությունն արդեն Կառավարության որոշման նախագիծ է պատրաստել եւ ուղարկել գերատեսչություններին, որով հնարավորություն կտրվի Սիրիայի մեր հայրենակիցներին այս ծանր իրավիճակում անձնագրերը ստանալ տեղում: Իսկ մինչ այս անձնագրերը նրանք անպայման Հայաստանում պետք է ստանային: Սա մյուս երկրների վրա չի տարածվում, այլ երկրների քաղաքացիները պետք է Հայաստան գան եւ այստեղ անձնագիր ստանան»,- ընդգծեց նախարարը:

Մյուս կարեւոր խնդիրը վիզաների հարցն է, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան սահմանի վրա եւս վիզաներ ստանալ: Այդ խնդիրն արդեն նախարական կոմիտեում քննարկվել է եւ լուծում կտրվի Կառավարության առաջիկա նիստում: Սիրիահայերն Հայաստանում ապրելու ժամանակահատվածում ունենում են առողջական որոշակի խնդիրներ, եւ նախարարությունն օգնում է, որպեսզի նրանց համար բժշկական ծառայությունը հնարավորինս մատչելի կամ անվճար լինի: Աշխատանք փնտրող սիրիահայերի համար եւս քայլեր են ձեռնարկվում. Սփյուռքի նախարարությունն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ գործակցելով, նրանց առաջարկվում է զբաղվածության ծառայություններում առկա թափուր տեղերը:
Նրա խոսքով` չկա որեւէ պետական կառույց, որը պատրաստակամ չէ սիրիահայերի խնդիրները լուծելու համար: «Մեզ մնում է մաղթել, որպեսզի խնդրի արագ հանգուցալուծում լինի, խաղաղություն հաստատվի, որովհետեւ մեր հայրենակիցները մտահոգ են իրենց գործունեության, ունեցվածքի, բիզնեսի համար»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]