Եվրախորհրդարանի նախագահը կոչ է անում Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ, ինչպես դա արեց Գերմանիան հետպատերազմական շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, այս մասին Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Իմ լավագույն խորհուրդը Թուրքիային կարող է լինել այն, որ վերջինս առերեսվի սեփական պատմության հետ, քանի որ միայն այդ պարագայում է հնարավոր կառուցել պետության ապագան»,- նշել է Շուլցը:
Նրա խոսքով` իր հայրենիքը` Գերմանիան, ևս բավականին բարդ պատմություն է ունեցել, սակայն շատ նրբորեն է վերաբերվում իր պատմությանը մինչ օրս:
«Դուք պետք է թույլ տաք, որ ազատ հետաքննություններ անցկացվեն 1915թ-ի առնչությամբ, և եթե այդ հետաքննությունների արդյունքում որոշվի, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, ապա Դուք պետք է դա ընդունեք»,- հավելել է Շուլցը:
Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացին` Եվրոպական խորհրդարանաի նախագահը նշել է, որ ինքը տեղյակ է, որ Եվրոպական միությունում նման օրենքը բավականին շատ աջակիցներ ունի, և ինքը ևս հարգում է ֆրանսիական խորհրդարանի որոշումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում