Դեմոյանը գտնում է` օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում չի ենթադրում. այն հակառասիստական է
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ցույց կտա, որ ցեղասպանությունների ժխտման հարցում ընտրովի մոտեցում չպետք է լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում: «Այստեղ առկա է բարոյականության խնդիր, քանի որ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակն անարգելու նույն պատասխանատվության հարցն է: Եթե այս օրինագիծը հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը, ապա ինչպես է, որ նման օրենք գործում է Հոլոքոստի պարագայում, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում՝ ոչ: Ինչու պետք է Հոլոքոստի դեպքում պատիժ սահմանվի, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում՝ ոչ»,- ասել է Դեմոյանը:
Նրա համոզմամբ՝ օրինագիծը խոսքի աատության սահմանափակում չի ենթադրում, այն առաջին հերթին հակառասիստական է: «Այսինքն, եթե որևէ մեկը ժխտում է Ցեղասպանությունը, դրանով իսկ զոհերի հիշատակը ծաղրի առարկա դարձնելով, ապա միանշանակ կենթարկվի պատժի»,- ընդգծեց Դեմոյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում