Երիտասարդների առաջնային խնդիրը աշխատատեղերի պակասն է
ԵՐԵՎԱՆ,10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: Աշխարհում, ըստ ՄԱԿ-ի տվյալների' կա 1մլդ. 200 մլն երիտասարդ: Ինչպես նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախագահ, ՀՀԿ անդամ Գեւորգ Մելքոնյանը, աշխարհի բնակչության 1/3-ը կազմող երիտասարդներն այսօր ունեն բազմաթիվ խնդիրներ: Դրանցից ամենաառաջնայինը աշխատատեղերի խնդիրն է, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
«ՀՀ-ում այսօր երիտասարդության շրջանում մենք ունենք ոչ այնքան աշխատատեղերի, որքան ճիշտ մասնագիտություն ընտրելու խնդիր: Երիտասարդները հիմնականում դիմում են այն ֆակուլտետներ, որոնք ավարտելուց հետո կկարողանան ավելի հեշտ աշխատանք գտնել»,-ասաց Մելքոնյանը:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը ըստ առաջնահերթությունների առանձնացրեց զբաղվածություն, հասանելի բնակարանների խնդիրները եւ ժամանցային ծրագրերի պակասը:
«Զբաղվածության խնդիրը առաջնահերթ է այն առումով, որ հիմնականում մենք ունենում ենք ուղեղների արտագաղթ, եւ դրանում պետության մեղավորությունը նույնպես կա: Եթե պետությանն, օրինակ' անհրաժեշտ է 3 իրավաբան, ապա 3000 իրավաբան թող չավարտեն տվյալ ֆակուլտետը»,-ասաց նա:
Ըստ «Միասին» երտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանի' այսօրվա երիտասարդի հետաքրքրությունները միանգամայն այլ են, եւ հնարավոր չէ երիտասարդության մի որոշ զանգվածին մոտիվացնել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում