Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Կվերականգնվի Գառնու միջնադարյան կամուրջը


ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր նշեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տասնամյա հոբելյանը: Միջոցառման ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի միջեւ ստորագրվեց Գառնու միջնադարյան կամրջի պահպանության վերաբերյալ արարողակարգային հուշագիր: Հուշագրով նախատեսվում է ԱՄՆ դեսպանների մշակութային պահպանության հիմնադրամի կողմից հատկացված դրամաշնորհի միջոցով Գառնու կիրճում Ազատ գետի վրայով անցնող միջնադարյան կամրջի վերականգնման եւ ամրակայման աշխատանքներ իրականացնել: Վերականգնման նպատակով հիմնադրամի կողմից հատկացվել է 110 հազար ԱՄՆ դոլար: Այն հիմնադրամի կողմից Հայաստանում մինչ օրս իրականացված ամենամեծ ծրագիրն է:

«Ես դեռեւս չեմ տեսել այդ կամուրջը, սակայն նախատեսում եմ շուտով լինել այնտեղ, որպեսզի տեսնեմ, թե ինչ տարբերություն կունենա այն աշխատանքներից հետո: Պետք է այնպես անել, որպեսզի պահպանվեն կառույցի պատմական առանձնահատկությունները»,- կարեւորեց դեսպանը' հավելելով, որ սա նշան է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա բարեկամության: «Կամուրջը հազարամյակներ գոյություն կունենա, ինչպես նաեւ հազարամյակներ կշարունակվի ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա բարեկամությունը»,- նշեց նա:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այսօր իրապես պատմական իրադարձություն է: «Ես չեմ կարող չկարեւորել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ցուցաբերում է օրինակելի վերաբերմունք մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ»,- ասաց Հասմիկ Պողոսյանը' հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական: «Մենք բոլորս պետք է պահպանենք համաշխարհային մշակութային ժառանգությունը' առանց ազգային պատկանելության»,- ասաց Պողոսյանը:

Նշենք, որ Գառնու միջնադարյան կամուրջը կառուցված է Ազատ գետի վրա' դեպի «Հավուց Թառ» տանող ճանապարհին: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ մշակույթի նախարարության պատվերով արդեն իսկ կազմվել է հուշարձանի վերականգնման, ամրակայման նախագծանախահաշվային փաթեթը եւ արդեն կատարվել են ամրակայման եւ վերականգնման որոշակի աշխատանքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ