Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հ. Դեմոյան. «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները նոր էջ են բացելու»

Հ. Դեմոյան. «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները նոր էջ են բացելու»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը եւ այս առթիվ կազմակերպվող միջոցառումները նոր էջ են բացելու ցեղասպանության մասին միջազգային իրազեկման եւ դրա տակավին չուսումնասիրված էջերի նորանոր բացահայտումների համար: Ինչպես այսօր «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի» ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը կարեւոր խթան պետք է դառնա նաեւ Ցեղասպանության հետեւանքների վերացման հետ կապված հայեցակարգային հիմնավորումների հստակ ձեւակերպումների համար:

Հ. Դեմոյանը չափազանց կարեւորեց 100-ամյա տարելիցի առթիվ միջոցառումների անցկացումը, որոնք ունենալու են թե' տեղական, թե' միջազգային նշանակություն: Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Ցեղասպանության թեման, դրա դասերն ու հետեւանքները ներկայացվեն եւ մեկնաբանվեն համաշխարհային ու տեղական պատմության ու հիշողության համատեքստում: Բացի այդ, Հ. Դեմոյանը նկատեց, որ ի վերջո պետք է կարողանալ ազգովի եւ միահամուռ ուժերով «ձեւակերպել»՝ ինչ ենք հասկանում «Ցեղասպանության հետեւանքների վերացում» արտահայտությամբ, ինչ բովանդակությամբ ենք այն լցնում:

Հայկական կողմի նախաձեռնությունները, Ցեղասպանության թանգարանի տնօրենի համոզմամբ, պետք է նպաստեն, որպեսզի Հայոց ցեղասպանության թեման չընկալվի լոկ որպես հայ-թուրքական հիմնախնդիր: «Փոխարենը, դրանց տալով միջազգային հնչեղություն՝ հայկական կողմի կարեւոր նպատակներից մեկը պետք է հանդիսանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտման գործընթացին նպաստելը»,- նշեց Հ. Դեմոյանը՝ հավելելով, որ մենք սփյուռքում ունենք կայացած կառույցներ, որոնք ահռելի դեր են խաղացել Ցեղասպանության դատապարտման եւ միջազգային իրազեկման առումով, ուստի շատ կարեւոր է ջանքերի համադրումն այս հարցում:

Թուրքիայի հետ հաշտեցումը, ըստ Հ. Դեմոյանի, կսկսվի այն ժամանակ, երբ այդ երկիրը կճանաչի իր իրագործած ցեղասպանությունը: «Մենք ցեղասպանության թիրախ դարձանք որպես հայ ազգ, որպես հայ հանրույթ, առանց որեւէ ընտրովի մոտեցման: Մենք թիրախն ենք ցեղասպանության՝ Ստամբուլից սկսած մինչեւ Բաքու, Ալեքսանդրապոլից մինչեւ Դեր Զոր»,- ասաց Հ. Դեմոյանը՝ նկատելով՝ երբեք չպետք է տրվել այն գայթակղությանը, որ մեզանից մի հատվածն է թիրախ դարձել ցեղասպանության:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայաստան-Սփյուռք գործակցության հարցում Հ. Դեմոյանը կարեւորեց աշխատանքի բաժանումը. այնտեղ, որտեղ ՀՀ-ն, որպես միջազգային իրավակիր սուբյեկտ, ունի իր անելիքը, պետք է գործեն ՀՀ դիվնագիտական ներկայացուցիչները, եւ այնտեղ, որտեղ կարող են դեր խաղալ սփյուռքի կառույցները, պետք է նրանք գործեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am