Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Մեկնարկեց Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը


ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մեկնարկեց Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը, որի աշխատանքներին մասնակցում են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Անգլիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից եւ Արցախից, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր մարզերից: Համագումարին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ ուրիշներ:

«Այսօր շատ դժվար է պատկերացնել բժշկի որակյալ աշխատանքն առանց բուժքրոջ որակյալ աշխատանքի: Մենք, լինելով բժիշկներ, լավագույնս ենք պատկերացնում' որքան դժվար է բուժքրոջ աշխատանքը»,- նշեց նախարարը' հավելելով, որ պետք է քննարկել ուղիները' ուր ենք տանում առողջապահությունը եւ ինչի ենք ուզում հասնել: Հ. Քուշկյանի խոսքով'ոլորտում իրականացվում են համարձակ եւ լուրջ բարեփոխումներ, ինչի արդյունքում որոշ դրական քայլեր արդեն ունենք:

Քերոլայն Քոքսի խոսքով' բուժքույրերը մեծամասնություն են կազմում բուժսպասարկման ոլորտում, ուստի, անչափ կարեւորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը, նա նշեց, որ այս ոլորտում ցանկացած հաջողություն համաշխարհային մակարդակով է նպաստող ազդեցություն ունենում: ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ բուժքույրերն արդեն առանձին մասնագետ են. դա մասնագիտություն է, որն ինքնուրույն է եւ կարիք ունի իր դերն ու դիրքը Հայաստանում ամրապնդելու: Համագումարն անցկացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ:

«Շատ ուրախ ենք, որ այսպիսի համագումարի կողքին ենք կանգնած: Մաղթում ենք, որ բուժքույրերն ավելի հեշտությամբ հաղթահարեն իրենց առջեւ կանգնած մարտահրավերները»,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]