Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ա.Թունյան. «Հայաստանի Հանրապետությունում առկա է դատական համակարգի կառավարման բավական լուրջ ծրագիր»

Ա.Թունյան. «Հայաստանի Հանրապետությունում առկա է դատական համակարգի կառավարման բավական լուրջ ծրագիր»

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում առկա է դատական համակարգի կառավարման բավական լուրջ ծրագիր: Այն բաղադրիչն է Դատաիրավական բարեփոխումների ծրագրի, որը հաջողությամբ իրականացվում է հանրապետությունում: Ներկայումս ընթացքի մեջ է Դատաիրավական բարեփոխումների երկրորդ վարկային ծրագիրը, որը մեկնարկել է 2007թ.-ին եւ ֆինանսավորվում է հիմնականում Համաշխարհային բանկի միջոցներով: Առաջին ծրագիրն իրականացվել է 2001-2006թթ.-ին:

 

«Հանրապետությունում առկա է դատական համակարգի կառավարման բավական լուրջ ծրագիր: Դատական համակարգի կառավարման եւ արդիականացման վարչարարության ուժեղացումը ներառում է դատական համակարգին, նորաստեղծ Դատական դեպարտամենտին, արդարադատության խորհրդին անհրաժեշտ տեխնիկական օժանդակության տրամադրումը:

 

Մենք ունենք բարեփոխումների` ինստիտուցիոնալ, վարչական, փուլեր անցած, որոշակի առումով անկախ համակարգ»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարության Դատաիրավական բարեփոխոեւմների ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում: Ըստ նրա` միասնական պետական դատական համակարգ ոչ միայն տարածաշրջանի, նաեւ զարգացած երկրները չունեն, իսկ Հայաստանի Հանրապետության համեմատական առավելությունն այն է, որ մեր երկրում գործընթացներն ավելի ուշ են սկսվել եւ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ են կիառվում:

 

Դատաիրավական բարեփոխումների երկու ծրագրերի` արդեն մոտ մեկ տասնամյակ կատարվող աշխատանքների արդյունքում հասարակության վստահության վերականգնման առումով զգալի քայլ կատարված է: Դրա մասին, ըստ Ա.Թունյանի, վկայում են օբյեկտիվ ցուցանիշները: Համեմատելու համար պետք է դիտարկել, թե ինչ էր առկա տասը տարի առաջ, ինչ` այժմ: «Միանշանակ է, որ առկա են դրական արդյունքներ, չի կարելի է ասել, թե համակարգը հետ է նահանջել»,-նկատեց նա: Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրում, բացի վարկային միջոցներից, հաջողվել է ներգրավել նաեւ դրամաշնորհներ: Ստացվել է 22,5 միլիոն դոլարին համարժեք դրամ` որպես վարկ:

 

Այն ծախսվում է ենթակառուցվածքների բարելավման, ծրագրային աշխատանքների իրականացման ուղղությամբ, իսկ դրամաշնորհային միջոցներն ուղղվում են տեխնիկական աջակցությանը: Ճապոնիայի կառավարությունը տրամադրել է երեք միլիոն դոլարի դրամաշնորհ, իսկ Հոլանդիայի կառավարությունը` 4,8 միլիոն դոլարին համարժեք դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը 36-37 միլիոն դոլար է, որից վարկային միջոցների համաֆինանսավորումը` 4 միլիոն, ՀՀ կառավարության տրամադրած միջոցներն են: Գումարները բաց վարկային գծով հատկացված են ամբողջությամբ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2012թ.-ի դեկտեմբերի 31-ին:

 

Ծրագիրը ֆինանսական առումով բավական հաջող է իրականացվում: Այս պահի դրությամբ վարկային միջոցների մոտ 75 տոկոսն է իրացված, իսկ դրամաշնարհային միջոցների 60-70 տոկոսը: Այս ամսվա կեսերին նախատեսվում է Համաշխարհային բանկի մասնագետների միջնաժմկետ գնահատման առաքելությունը: Ա.Թունյանի գնահատմամբ` ենթակառուցվածքների վերակառուցման բաղադրիչը խոշորագույնն է, այն ներառում է դատարանների շենքի կառուցումը: Առաջին ծրագրով Երեւանում ու որոշ մարզկենտրոններում են դատարաններ կառուցվել, իսկ այս ծրագրով հիմնական նպատակակետը մարզերն են. Մեղրիից սկսած` մինչեւ Տաշիր, շատ բնակավայրերում աշխատանքներ են ընթանում: Տասը դատարանների շենքերի շինարարության աշխատանքներն ավարտվել են, եւս վեցն ընթացքի մեջ են: Առաջիկա 1-2 տարվա ընթացքում ծրագրվում է եւս 3 շենքի կառուցում:

 

Հիշյալ շենքերի 80-90 տոկոսը նոր է կառուցվում: Մայրաքաղաքում բոլոր դատարանները վերակառուված են: Լոռին միակ մարզն է, որտեղ բոլոր դատական ենթակառուցվածքները նորացված են: Հեռավոր շրջաններից Ա.Թունյանը հիշատակեց Բերդը, որտեղ կատարվում են դատարանի վերակառուցման աշխատանքներ: «Պետության, իշխանության նկատմամբ հավատը բարձրացնելու համար շատ կարեւորվում է հեռավոր, սահմանամերձ գոտում լուրջ աշխատանքների իրականացումը»,-նկատեց նա:

 

«Դատավորների վերապատրաստման դպրոց» բաղադրիչը վերանվանվել է «Դատական ակադեմիա», որի ստեղծման օրինագծին հավանություն ՀՀ կառավարությունն արդեն տվել է: Այն կլինի միասնական կառույց եւ դատախազության եւ դատական համակարգի համար: Կզբաղվի դատական համակարգի եւ դատախազության աշխատակիցների կրթմամբ եւ վերապատրաստմամբ: Շենքի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, այն տեղակայվելու է մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում, առաջիկա 1,5 տարվա ընթացքում համապատասխան պայմաններով շենքը պատրաստ կլինի:

 

Կարեւոր բաղադրիչ է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության բարելավումը: Իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը, պարզվել է մասնավոր հարկադիր կատարման ծառայության ներդրման հնարավորությունը: Նման փորձ առկա է Արեւելյան Եվրոպայի երկրներում, Արեւմուտքում առհասարակ:

 

Խնդիրը քննարկվում է, ունի եւ կողմ, եւ դեմ հանդես եկողներ: Գաղափարը տնտեսապես հիմնավորված է. պետությունը լիցենզավորում է մասնավոր հարկադիր կատարողներին, տրամադրում է որոշակի լիազորություններ` իրականացնելու նույն գործառույթները, ինչ ներկայումս կատարվում է պետական ծառայության կողմից: Արբիտրաժի ծառայությունների ամրապնդումը եւս, ԾԻԳ-ի տնօրենի խոսքերով, դատաիրավական բարեփոխումների ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից է: Առեւտրային արբիտրաժի ինստիտուտը կարեւոր գործիք է այլընտրանքային տարբերակով վեճերի լուծման համար:

 

Ծրագրի շրջանակներում նպատակ կա առաջ մղել ինստիտուտի կայացումը: Աշխատանքներ են տարվում իրավական տեղեկատվության մատչելիության ընդարձակման, հասարակության իրազեկության բարձրացման ուղղությամբ: Ծրագիրը շարունակելու է աջակցությունը «Արլիս» տեղեկատվական համակարգին. այն www.arlis.am կայքի միջոցով տրամադրում է իրավական ցանկացած ակտ, քաղաքացիների համար ավելի մատչելի է դարձնում իրավական տեղեկատվությունը:

 

«Դատալեքս» տեղեկատվական կրպակների միջոցով Երեւանի, նաեւ մարզկենտրոնների բոլոր դատարաններում, պետական կառավարման մարմիններում արդեն հնարավոր է տեղեկատվություն ստանալ քաղաքացիական, քրեական, վարչական գործերի վերաբերյալ: Կրպակի միջոցով կարելի է գործի դնել «Արլիս» համակարգը, պետական փաստաթղթաշրջանառության համակարգը:

 

Վերջինը ցանկացած քաղաքացու հնարավորություն է տալիս ծանթանալ պետական մարմիններ ներկայացրած իր դիմումի ընթացքին` ո՞ր փուլում է գտնվում, ո՞ւմ մոտ է, ի՞նչ պատասխան է ստացվել: Կրպակը հնարավորություն է տալիս մուտք գործել պետական կառավարման մարմինների էլեկտրոնային կայքեր, իհարկե, սահմանափակելով ինտերնետ այլ կայքեր մուտքը:

 

Երեսուն այսպիսի կրպակներ արդեն տեղադրված են, նախատեսվում է նորերիի տեղադրում: Ա.Թունյանի գնահատմամբ` այս պահին ակնհայտ է, որ բոլոր խնդիրներն ամբողջությամբ, նույնիսկ` ենթակառուցվածքների վերականգնման առումով, չեն լուծվի մինչեւ ծրագրի ավարտը: Առաջիկա մեկ ամսում, երբ ՀԲ միջանկյալ գնահատումն իրականանա, հնարավոր կլինի շոշափել նաեւ ծրագրի շարունակության եւ ֆինանսավորման աղբյուրների որոնման հնարավորությունները: Եթե դոնոր կազմակերպություններ չֆինանսավորեն, պետությունը շարունակելու է բարեփոխումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am