Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորագյուղ թաղամասում կառուցվող կենտրոնը կկոչվի Նոր Երեւան

Նորագյուղ թաղամասում կառուցվող կենտրոնը կկոչվի Նոր Երեւան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Րեսինի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեցին Իսակովի պողոտայի հարեւանությամբ գտնվող Նորագյուղ թաղամաս, որտեղ նրանք ծանոթացան քաղաքաշինության համար նախատեսված տարածքին: Նրանց ներկայացվեց Երեւանի նոր գործարար-մշակութային կենտրոնի նախագիծն ու մանրակերտը:

 

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մայրաքաղաքի այժմյան կենտրոնը գերծանրաբեռնված է, այդ իսկ պատճառով Երեւանին անհրաժեշտ է նոր կենտրոն, որն էլ կկառուցվի Նորագյուղ թաղամասում` այն պայմանականորեն կոչելով Նոր Երեւան: Նրա տեղեկացմամբ, այդտեղ կլինեն տարբեր` միջազգային, գործարար, դիվանագիտական, մշակութային, կրթական եւ այլ ֆունկցիոնալ կառույցներ, տեխնոպարկեր, բիզնես կենտրոններ, ուսանողական շենքեր, բնակելի տներ, բավականին մեծ հանրային կանաչ զանգված եւ այլն:

 

Գ. Բեգլարյանի խոսքով, ծրագիրը մի քանի ամիս առաջ ներկայացվել է Մոսկվայի քաղաքապետին: Վերջինս Մոսկվա-Երեւան համագործակցության շրջանակներում նախագծի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Վ. Րեսինն էլ, անդրադառնալով Մոսկվայի նոր գործարար կենտրոնի շինարարական ծրագրին, որի կառուցումը սկսվել է մոտ 20 տարի առաջ եւ արդեն ավարտին է մոտենում, ասաց, որ Ռուսաստանի մայրաքաղաքի գործարար կենտրոնի կառուցման ընթացքում եղել են որոշակի բացթողումներ:

 

«Մոսկվայում ճիշտ չեն հաշվարկվել հիմնականում անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու ճանապարհային ցանցը»,- ասաց Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալը: Գ. Բեգլարյանի խոսքով, բնակիչների փոխհատուցումը կատարվելու է բնակարանային տարբերակով` Իսակովի պողոտայի հարեւանությամբ արդեն մոտ 2 հա տարածք է առանձնացվել, որտեղ նորագյուղցիների համար առաջիկա երեք տարիներին կկառուցվեն բնակելի շենքեր: «Նախ մարդիկ կապահովվեն նոր բնակարաններով, հետո միայն նրանց հին, մեծ մասամբ խարխուլ տները կիրացվեն: Մինչեւ բնակիչների համար նոր, հարմարավետ բնակարաններ չունենանք, իրացում չենք սկսի»,- ընդգծեց Երեւանի քաղաքապետը` հավելելով, որ ծրագիրը շատ հետաքրքիր ու լուրջ է, որի համար լավ նախապատրաստվել է պետք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am