Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական 
քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» 
հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոճրագործությունից մեկ դար անց Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ միաժամանակ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

1914-1918 թթ. երիտթուրքական կառավարությունը իրականացրեց հայ ժողովրդի համակարգված բնաջնջում, որը շարունակությունն ու գագաթնակետն էր 1894-1896 թթ. համիդյան ջարդերից ու 1909թ. Ադանայի կոտորածից հետո։ Առաջնորդվելով պանթյուրքական գաղափարախոսությամբ և օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի ստեղծած հարմար պահը` 1914 թ․ վերջերից երիտթուրքական կառավարությունը սկսեց հայ ժողովրդի ցեղասպանությունը։

Թուրքական պետության կողմից մանրակրկիտ ծրագրված և իրականացված այս ցեղասպանության հետևանքով բնաջնջվեց ավելի քան 1,5 միլիոն հայ, իսկ հազարավորները դարձան տարագիր՝ սփռվելով աշխարհով մեկ ու զրկվելով հազարամյա իրենց բնօրրանից։

Այս ոճրագործությունից մեկ դար անց Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ միաժամանակ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու հարցում։

Օսմանյան և հանրապետական Թուրքիայի հակահայկական այս քաղաքականությունը որդեգրեց նաև Ադրբեջան պետությունը։ Ադրբեջանը 1918-20-ական թվականներին հայերի ջարդեր իրականացրեց Բաքվում, Նուխիում, Արեշում, Շուշիում, 1988-90-ականներին՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում։ Ադրբեջանում ևս, ինչպես Թուրքիայում, գովասանքի և պետական պարգևների արժանացան հայերին սպանողները։ Դեռևս 1992թ. Մարաղայի ջարդերն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևին ազգային հերոսի կոչում շնորհելը նշվածի վառ օրինակներից է ու նաև նախադեպ 2004թ. Ռամիլ Սաֆարովի, 2016 թ․ Ապրիլյան պատերազմի և 2020թ․ Արցախյան պատերազմի ու դրան հաջորդած տարիներին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի ռազմական հանցագործների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ հայերին ոչնչացնելով և տեղահան անելով՝ Թուրքիայում նաև ոչնչացվեց հայկական մշակութային հետքը։ Նույն այդ քաղաքականությունը որդեգրեց նաև Ադրբեջանը։ Բաքուն շարունակում է ԼՂ-ում հայկական պատմամշակութային արժեքների պղծումն ու համակարգված ոչնչացումը՝ հայկական հետքն այնտեղից հիմնահատակ ջնջելու նպատակով։

«2023 թ․ Ադրբեջանի կողմից իրագործվեց արցախահայության բռնագաղթը։ 21-րդ դարում նորից հայությունը ենթարկվեց կոտորածների և բռնի տեղահանումների։ Ավելին, ադրբեջանցիները, զավթելով Ստեփանակերտը, նրա փողոցներից մեկը վերանվանեցին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրագործած երիտթուրք Էնվերի անունով»,- շեշտվում է հայտարարության մեջ:

«Գեղարդ» հիմնադրամի հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ թեև Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել ու դատապարտվել է բազմաթիվ պետությունների, կազմակերպությունների, նահանգային ու ինքնակառավարման մարմինների ու խորհուրդների կողմից, սակայն արդարադատության պատշաճ կերպով իրականացման ձախողումը նախադեպ է ստեղծել ոչ միայն Հայաստանում ու ԼՂ-ում, այլև աշխարհում մարդկության դեմ շարունակվող վայրագությունների ու ցեղասպանությունների համար։

«Միջազգային հանրության ու դիվանագիտական շրջանակների համար հրամայական է ներդնել հստակ մեխանիզմներ ու ձեռնարկել վճռական գործողություններ՝ կանխելու հայ ժողովրդի դեմ հերթական ագրեսիան ու ոճրագործությունը՝ դրանով իսկ նախադեպ ստեղծելով աշխարհում արյունահեղությունների ու ոճրագործությունների կանխարգելման համար.,- եզրափակվում է հայտարարությունը:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am